Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրի բաժնի աշխատակիցներն ապրիլի 5-ի երեկոյան Օղակային փողոցի վերջնամասում՝ դաշտամիջյան ճանապարհին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա երկու երիտասարդների՝ Ս․Պ-ին և Դ․Ի․-ին։
Երկու երիտասարդներն էլ չեն աշխատում։ Նրանք եղել են «Օպել» մակնիշի մեքենայով։ Ոստիկաններն անձնական խուզարկությամբ այդ մեքենայի ուղևոր Դ․Ի․-ի բաճկոնից հայտնաբերել են նոր գնված թմրանյութ։ Առգրավել են 2 հատ փայլաթղթե փաթեթ, որոնց մեջ եղել է շագանակագույն, յուրահատուկ հոտով, թմրանյութի նմանվող զանգված՝ 0.43գ և 0.17գ կշռով, 1 կաթոցիչ, որի մեջ ևս եղել է թմրանյութի զանգված և երկու անդորրագրեր։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն «Շոկո» տեսակի թմրանյութ է, որը գնել է բջջային հեռախոսով՝ «Տելեգրամ» հավելվածով և եկել էր Օղակային փողոցի վերջնամաս, որպեսզի դաշտամիջյան ճանապարհից վերցներ իր ապրանքը։
Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում, երիտասարդներին բաց են թողել։
Ի դեպ, ինչպես ցույց են տալիս ոստիկանության որոշ բացահայտումներ, թմրանյութի այս տեսակը ևս վաճառվում է «Տելեգրամի» միջոցով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ թմրանյութերի՝ թելեգրամյան վաճառքի հայտարարությունները հայտնվել են նաև Գյումրու տարբեր կառույցների, այդ թվում՝ քաղաքի պատմական շենքերի վրա։ Ոստիկանությունից մեզ փոխանցել են, որ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ են իրականացնում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կումայրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում մտահոգված հայտնել էր Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժինը այդ գրառումները հեռացնում է շենքերից, սակայն նոր տեղերում են հայտնվում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ