Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի վերադարձը կլինի, երբ ՌԴ-ում փոխվի ռեժիմը։ Դա արեւմուտքի պլաններում է»․ Հովսեփ Խուրշուդյան

Ապրիլ 08,2022 17:30

«Լրջագույն տեղաշարժ է լինում միջնորդական առաքելությունում, այսինքն, այն սահուն տեղափոխվում է Ռուսաստանից դեպի արեւմուտք։ Մյուս կողմից, ես չեմ տեսնում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարում կա»,-«Հոդված 3» մամուլի ակումբում առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների հայտարարությանը՝ ասաց «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Կա ՄԽ գործառույթների առկախում՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՌԴ-ն եւ արեւմուտքը հիմա լրջագույն հակամարտության մեջ են։ Որքան էլ ՌԴ-ն ցանկանա (իսկ դա իր շահերից է բխում) ունենալ նման հարթակ, արեւմուտքն, այնուամենայնիվ, դրան պատրաստ չէ։ Իրավիճակն օդում թողնել չի կարելի, մանավանդ, որ Ադրբեջանը պարբերաբար ռազմական սադրանքների է գնում, ուստի արեւմուտքը որոշել է ժամանակավոր առկախել ՄԽ ձեւաչափը՝ բանակցային առաջնորդությունը փոխանցելով Եվրամիությանը, որի թիկունքում կոշտ ուժն է՝ ԱՄՆ-ն»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Նա վստահ է, որ ՄԽ ձեւաչափը պահպանվելու է․ «Մենք հիմա ժամանակ շահելու խնդիր ունենք։ Արեւմուտքն էլ հասկանում է, որ հիմա լուրջ առաջընթաց հնարավոր չէ, բայց պետք է սառեցում անել, որ Ադրբեջանը նոր սադրանքների չգնա։ Կարծում եմ՝ դա հաջողվում է։ Մինսկի խմբի վերադարձը կլինի, երբ ՌԴ-ում փոխվի ռեժիմը։ Դա արեւմուտքի պլաններում է։ Թե երբ կլինի, չեմ կարող ասել, բայց լինելու է։ Բայց անգամ նոր Ռուսաստանն այս հարցում առաջնորդություն չի ունենալու։ Միջնորդական գործընթացն արեւմուտքն ամբողջությամբ վերցնում է իր վրա։ Ադրբեջանն էլ շտապում է հարցը լուծել»։

Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ եթե ՀՀ-Ադրբեջան սահմանագծման-սահմանազատման գործընթացն անցնում է Եվրամիության ձեռքը, ապա դա ձեռնտու է մեզ․ «Ավելանում է միջազգային իրավունքի բաղադրիչը, ինչը պետք է մեզ։ Իշխանությանը հորդորում եմ շատ չկենտրոնանալ այն հարցի վրա, որ ՀՀ-Ադրբեջան սահմանը ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած սահմանն է, որովհետեւ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ սահմանն առ ոչինչ է։ Սահմանազատման հարցում քարտեզները երկրորդական են, կարեւոր է իրավական հիմքը։ Գործընթացն ինքնին չի կարող հանդիսանալ ադրբեջանական սադրանքներից զերծ մնալու միջոց։ Հակառակը, այն կարող է անգամ խթանել դա՝ կախված նրանից, թե աշխարհաքաղաքական ինչ գերակայություն կա։ ՌԴ-ի գերակայության դեպքում դա Ադրբեջանին թույլ տվեց զավթել նոր տարածքներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930