Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել:
Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:
Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է:
Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են:
Կարդացեք նաև
«Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը:
Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:
Անվտանգության խորհրդի հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ