Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծնողները տնօրենի ժպ-ին ասել են, որ խաղաղ կլինեն մինչեւ ընտրություններ». Չեխովի դպրոցի տնօրենի հավակնորդ

Ապրիլ 08,2022 17:18

Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում կրքերը ժամանակավորապես հանդարտվել են: Թե ով է լինելու դպրոցի տնօրենը, կպարզվի ապրիլի 14-ին, երբ կայանա հաջորդ մրցույթը: Հիմնական հավակնորդներն են Տաթեւիկ Մելքոնյանը եւ օրերս անակնկալ ձեւով քաղաքապետարանի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը, որի անունն առնչվում է Տիգրան Ավինյանի հետ, եւ նա երբեք չի աշխատել դպրոցում, թեեւ ունի ղեկավարման իրավունքի վկայական:

Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Մելքոնյանն ասաց, որ դպրոցում իրավիճակը ներկայումս կայուն է, դասերն ընթանում են բնականոն հունով. «Երեխաներին խնդրել ենք, որպեսզի այս պահին ավելի հանդուրժող լինեն, ծնողները տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ասել են, որ խաղաղ կլինեն մինչեւ ընտրությունները` ապրիլի 14-ը»:

Մեր հարցին` այլեւս դասադուլ եւ ցույց չկա՞, Տաթեւիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դասադուլ ընդհանրապես չի եղել դպրոցում, եղել է ինքնաբուխ հավաք իմ հայտարարությունից հետո: Դա չեն կազմակերպել ուսուցիչները, դպրոցում հայտնվել է ծնողական խորհրդի նախագահը եւ բոլոր ծնողները, ու այդպես երթ է եղել»:

Հարցրինք` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ երեխաներից մեկը շշով հարվածել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: «Դա ուղղակի գռեհիկ սուտ է, չի կարող երեխան հարվածել իրեն, այն էլ շշով»,-զարմացավ Տաթեւիկ Մելքոնյանը:

Կապվեցինք նաեւ Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնակատար եւ հավակնորդ Դիանա Մինասյանի հետ: Նա սկզբում չէր ցանկանում որեւէ հարցի պատասխանել` պատճառաբանելով աշխատանքային զբաղվածությունը: Խնդրեցինք գոնե շատ կարճ մեկնաբանություն անել` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է աշակերտի` իրեն խփելու լուրը: «Ոչ, չի համապատասխանում իրականությանը»,-շտապեց պատասխանեց տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցրինք նաեւ, թե ինչ վիճակ է տիրում դպրոցում. «Շատ խախանդ, հանգիստ վիճակ է»,-ասաց նա:

Հավելենք, որ Տաթեւիկ Մելքոնյանն էլ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռայիսա Գալստյանի դուստրն է, նա վայելում է ծնողական եւ ուսուցչական կոլեկտիվների վստահությունը, խորհուրդների կողմից ստացել է ձայների մեծամասնությունը` ի տարբերություն զրո ձայն ստացած Դիանա Մինասյանի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930