Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր նախադեպ կլինի․ Ադրբեջանին ցույց են տալիս, որ կարող է ուժային գործիքակազմ գործի դնել»․ քաղաքագետ

Ապրիլ 08,2022 17:06

«Նոյեմբերի 26-ից հետո սահմանազատման հարցերի հանձնաժողովը չստեղծվեց․ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր լարվածության թուլացման համար հայելային հետքաշում անել, իսկ Ադրբեջանը դա ներկայացնում էր որպես ՀՀ-ի նախապայման։ Բրյուսելյան հանդիպման արդյունքում ՀՀ-ն մեծ հաշվով մի կողմ դրեց այդ նախապայմանը, այսինքն՝ որոշվել է մինչեւ ապրիլի վերջ ստեղծել այդ հանձնաժողովը՝ առանց նշյալ քայլերի իրագործման։ Սա է պատճառը, որ համոզված եմ՝ գործընթացն արագ է լինելու եւ հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին կստեղծվի»,-«Հոդված 3» մամուլի ակումբում քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Սա արդեն երրորդ հայտարարությունն է, որում խոսք չկա Արցախի եւ հակամարտության մասին։ Սա մեծ հաշվով համապատասխանում է Ադրբեջանի դիրքորոշմանը, թե հակամարտությունն ավարտված է, թե գոյություն չունի անգամ Արցախ վարչատարածքային միավորը: Ակնհայտ է, որ նման հարցերը քննարկվել են, բայց հայկական կողմն ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի, որ ինչ-որ ձեւակերպում տեղ գտնի Արցախի մասին»,-նշեց Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Մինսկի խումբը մեծ հաշվով դադարում է գոյություն ունենալ․ «Ռուսաստան-արեւմուտք աննախադեպ դիմակայության պայմաններում դժվար է լինելու եզրեր գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ։ Ապագա բանակցություններն ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու կամ Եվրամիության, կամ ՌԴ-ի միջնորդությամբ։ Սա եւս մեկ հետքայլ է, որովհետեւ վերջին շրջանում ՀՀ իշխանությունը պարբերաբար շեշտում էր Մինսկի խմբի մասին։ Նման հետքայլերի հետեւանքն այն է, որ վտանգավոր նախադեպեր կլինեն։ Ադրբեջանին ցույց են տալիս, որ ուժային գործիքակազմ կիրառելով կարելի է ՀՀ-ին ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930