Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական սոցիալական ծառայության պետին միջնորդագիր է ուղարկվել տարածքային կենտրոններում վերահսկողությունն ուժեղացնելու հարցով

Ապրիլ 08,2022 17:26
dataxazutyun text

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից պետական ծառայության դեմ ուղղված, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու դեպքեր:

Մասնավորապես, պարզվել է, որ նշված կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Ա.Ի.-ն 2020-2021թթ. իրեն ամրակցված բնակավայրերում բնակվող, անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ: Այդ անձանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով նա անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և ընտանիքներին փաստագրել է անապահովության գնահատման համակարգում: Այդ պայմաններում տվյալ ընտանիքները ստացել են ընտանեկան նպաստ, ինչի դիմաց Ա.Ի.-ն անձամբ ստացել է ընդհանուր 85.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Քրեական գործը Ա.Ի.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Որոշումներ են կայացվել վերոնշյալ 5 անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հաշվի առնելով, որ վերջիններս միջին ծանրության հանցանք կատարել են առաջին անգամ և աջակցել են հանցագործության բացահայտմանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ բացակայում են միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից նպաստառուների անձնական գործերում ներառված որոշակի տվյալների ստուգման, ծառայողների պաշտոնի անձնագրերով նախատեսված գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Վերջինս հանգեցրել է նպաստառուների գործերում թերի և սխալ տեղեկատվության ներառմանը, ինչի արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման միավորը արհեստականորեն բարձրացվել է և մի շարք շահառուներ չեն հանվել հաշվառումից՝ շարունակելով ստանալ նպաստ:

Ավելին, մի շարք դեպքերում անձանց գույքային դրության, ընտանիքի անդամների փաստացի թվաքանակի, նրանց պատկանող ընտանի կենդանիների քանակի վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելը ուղղորդված է եղել հենց սոցիալական ծառայության աշխատակցի կողմից, և նման շարունակական բնույթ կրող ոչ իրավաչափ վարքագիծը հնարավոր է եղել բացահայտել միայն մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումների արդյունքում:

Հաշվի առնելով, որ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նպաստում է կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը, իսկ նմանատիպ հանցագործություններ նախորդ տարիներին արձանագրվել են նաև Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային մի քանի այլ կենտրոններում՝  ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի   նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին:

Միջնորդագրով խնդիր է դրվել ձեռնարկելու միջոցներ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պատշաճ վերահսկելու, աշխատակիցների կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու գործուն մեխանիզմներ ներդնելու համար:

Առաջարկվել է նաև քննարկել նշված 5 անձանց ընտանիքների փաստագրման և նպաստների վճարման իրավաչափությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930