Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար եմ պատկերացնում, որ այդ պայմանագրում Արցախը կամրագրվի անկախ՝ անգամ ներկայիս սահմաններով»․ քաղաքագետ

Ապրիլ 08,2022 16:14

«Հայտարարությունում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեման լղոզված է, կոնկրետություն չկա, ինչը հիմք է տալիս հիշատակելու ադրբեջանական կողմի հայտարարությունները, որ եթե ՀՀ-ն Սյունիքի մարզով «միջանցք» չի տրամադրում առանց մաքսային-անձնագրային վերահսկողության, ապա Ադրբեջանը դա համարում է նոյեմբերի իննի փաստաթղթի խախտում եւ առհասարակ մերժում է ապաշրջափակումը եւ նախընտրում Նախիջեւանի հետ կապը ստեղծել Իրանի տարածքով։ Կարող ենք ամրագրել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում որոշակի սառեցում կա»,-«Հոդված 3» մամուլի ակումբում առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը (լուսանկարում)։

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներ սկսելու առնչությամբ նա նշեց․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ քայլերն արդեն սկսված են, նորություն չկա։ Փաստացի նոր ձեւաչափ է գործարկվում՝ պետությունների ղեկավարներից մեկ մակարդակով ցածր․ նկատի ունեմ Ալիեւի խորհրդականի եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը։ Որքանով հասկանում եմ՝ այս ձեւաչափը կունենա պարբերական բնույթ»։

Ըստ քաղաքագետի՝ հայտարարությունում միակ ամրագրված պայմանավորվածությունը մինչեւ ապրիլի վերջ սահմանազատման-սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելն է․ «Վստահ չեմ, որ այն կիրականանա։ Ավելի վաղ ՌԴ նախագահն էր այդ մասին ասել, որ մինչեւ դեկտեմբերի վերջ կամրագրվեն մեխանիզմները։ Ժամկետն անցել է, եւ ոչ մի բան չի ամրագրվել։ Չեմ զարմանա, եթե ապրիլի վերջին այդ հանձնաժողովը չլինի»։

Խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ Բենիամին Պողոսյանն իշխանությանը խորհուրդ տվեց զգույշ լինել․ «Նման համաձայնագիր ստորագրվում է այն պետությունների միջեւ, որոնք եղել են պատերազմի մեջ։ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց երբեք պատերազմ չեն հայտարարել, սակայն երբ ՀՀ-ն ասում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր, նշանակում է՝ ընդունում է, որ Ադրբեջանի հետ եղել է պատերազմի մեջ։ Եթե եղել է պատերազմի մեջ, ապա նկատենք՝ 1988թ․ սկսված Արցախյան շարժումը, որը ինքնորոշման խնդիր էր, եւ ոչ ՀՀ-Ադրբեջան տարածքային վեճ, կարող է փլուզվել։ Եթե եղել է պատերազմի մեջ, ապա որոշակի տարածքների շուրջ ՀՀ-ն եւ Ադրբեջանը պատերազմել են, մի փուլում հաղթել է ՀՀ-ն, մյուսում՝ Ադրբեջանը, եւ կողմերը որոշել են՝ որպեսզի եւս մեկ պատերազմ չլինի, բանակցեն ու ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Ես դժվար եմ պատկերացնում, որ այդ պայմանագրում հնարավոր կլինի ֆիքսել Արցախի հանրապետությունը որպես անկախ պետություն՝ անգամ իր ներկա սահմաններում։ Իշխանությունը պետք է դիտարկի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ընդհանրապես կարիք կա՞ խոսել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին։ Այն, որ սահմանազատում-սահմանագծում պետք է լինի, ոչ մեկ չի վիճարկում, բայց դրա համար պարտադիր չէ, որ պետությունները ստորագրեն խաղաղության պայմանագիր»։

Պողոսյանի բնորոշմամբ՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը եւ բուն գործընթացը տարբեր են եւ կարող են անգամ տասնյակ տարիներ տեւել․ «Չպարզաբանված հարց կա․ ի՞նչ քարտեզների հիման վրա է դա իրականացվելու։ Անգամ այս հարցի շուրջ չկա պայմանավորվածություն, ինչը կարեւոր է։ Այս ընթացքում Ադրբեջանի գործելաոճը հստակ է՝ հնարավոր մեթոդներով հասնել նրան, որ Արցախի հայությունը հնարավորինս հեռանա, ինչն ազդելու է հետագա ցանկացած բանակցային գործընթացի վրա, հատկապես՝ Արցախի կարգավիճակի ապահովման վրա։ Հետեւաբար, հայության, քաղաքական ուժերի ուշադրությունը պետք է կենտրոնանա այն հարցի վրա, թե ինչպես անել, որ արցախահայության թիվը չնվազի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930