Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2018-ի հետ համեմատած անգամներով նվազել է». Արամ Նավասարդյան

Ապրիլ 08,2022 15:52

«Նոր քաղաքական ուժերի և լիդերների կարիք կա: Դա ցույց են տալիս տվյալները, թե ինչպիսի վակուում կա քաղաքական դաշտում»,- մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանն իր այս կարծիքը հիմնավորեց իրենց հետազոտության վերջին արդյունքներով: Մասնավորապես հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն ընտրություններ, ո՞ր քաղաքական ուժին ձայն կտաք, այսպիսի պատկեր է գրանցվել: Ուսումնասիրությունն ամբողջությամբ Gallup-Int.-MPG-RU-UA-2022-April

Արամ Նավասարդյանը մանրամասնեց. «Հարցման մասնակիցների 20.4 տոկոսը պատասխանել է՝ ՔՊ-ին, 8.3 տոկոսը «Հայաստան դաշինք»-ին, 3.7 տոկոսը «Պատիվ ունեմ»-ին, 1.7 տոկոսը՝ ԲՀԿ-ին: Մնացած բոլոր ուժերի ցուցանիշները մեկ տոկոսից ցածր են: Հարցվածների 28.8 %-ը չի մասնակցելու ընտրություններին, 12.9 %-ը դժվարացել է պատասխանել, 10 %-ը պատասխանել է, որ ոչ մեկին չի ընտրի: Այսինքն՝ եթե գումարենք, ապա մոտ 40%-ն ասում է, որ չի մասնակցելու ընտրություններին: Իսկ դա քաղաքական դաշտի ակտիվության և որակի մասին է խոսում»:

Դիտարկմանը՝ ի՞նչ են հուշում իրենց հետազոտությունները՝ հանրությունն ինչպե՞ս է տրամադրված Թուրքիայի հետ հարաբերություններին, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Մեր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ հանրության 68 տոկոսը բացասական տիրույթում է արտահայտվում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը: Ես չեմ հիշում նման հետազոտություն, որ դրական արտահայտված լինի հարցման մասնակիցների մեծամասնությունը այդ հարաբերությունների հետ կապված: Մենք մեր հրապարակած ցուցանիշների պատասխանատվությունն ենք կրում և ասում ենք, որ այդ ցուցանիշը հանրության կարծիքն է արտահայտում»:

Հարցին՝ ի՞նչ զարգացման միտում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Եթե համեմատենք 2018-ի մեր հետազոտությունները, ապա 2018-ի վարկանիշի հետ համեմատած՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անգամներով նվազել է: Մենք տարեկան հինգ-վեց հետազոտություն հրապարակում ենք, հրապարակել ենք հեղափոխությունից առաջ և հետո: Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ կտրուկ փոփոխության է ենթարկվել: Ամենացածր ցուցանիշը եղել է 2020-ի դեկտեմբերին և 2021-ի հունվարին, դրա հետ համեմատած մի փոքր դրական աճ, բայց եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2018-ի հետ, ապա այն անգամներով նվազել է»:

Հարցին՝ իսկ դա կապվա՞ծ է նաև ռուս-ուկրաինական վերջին զարգացումների հետ, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչ-որ ձևով ազդել է: Դա ավելի շատ կապված է ներքաղաքական և մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացումներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930