Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքի 41 կիլոմետրն ո՞ւմ իրավասության ներքո է, որ արդեն 11 ամիս բռնազավթված է Ադրբեջանի կողմից. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 08,2022 15:40

«Ես զարմանում եմ, որ Նիկոլի ամեն հանդիպումից հետո, մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, ազնիվ մարդիկ զարմանում են, ասում են՝ էս ի՜նչ եղավ: Էլ ի՞նչ պիտի այս մարդն անի, որ դուք չզարմանաք: Հազար անգամ ասել ենք՝ քանի այս խունտան Հայաստանում իշխանության է, որեւէ մի լավ բան մի սպասեք: Եթե ինքը պառլամենտում չի ասում, որ Շուշին ու Հադրութը բռնազավթված են, եթե ինքը կառավարության նիստում չի ասում, որ Ալիեւը հանցագործություն է իրականացնում, եթե ինքը Երեւանում չի ասում, որ Արցախի ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունի, որ Արցախի կարգավիճակի ճանաչումն այլընտրանք չունի, գնալու է Բրյուսել՝ հանի թափ տա՞, ոնց որ ինքն էր ասում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ Շառլ Միշելի մասնակցությամբ եւ արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Էդուարդ Շարմազանովը կրկնում է. «Նիկոլ Փաշինյանը վաղուց թաղել է Արցախի հարցը: Նա ձեռքերը լվացել է Արցախից եւ Հայաստանից: Գնում ՝ Բրյուսել, հետ է գալիս ասում՝ ինչ-կա չկա՝ ՌԴ խաղաղապահ առաքելության խնդիրն է»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ, կառավարության նիստում հայտարարեց. «Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»:

Էդուարդ Շարմազանովը կրկնում է՝ եթե ռուս խաղաղապահներն Արցախում չլինեին, 1,5 տարիների ընթացքում Արցախում հայերը չէին ապրի եւ հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ ՀՀ տարածքի 41 կիլոմետրն ո՞ւմ իրավասության ներքո է, որ արդեն 11 ամիս բռնազավթված է Ադրբեջանի կողմից եւ ՀՀ իշխանությունը ոչ մի ձայն չի հանում:

«Սա միայնակ չի գործում, սրանք գործում են մեծ՝ աշխարհաքաղաքական թիմով: Ալիեւն ու սա՝ պասերով են աշխատում, 2018-ին տեղի է ունեցել աշխարհաքաղաքական դավադրություն՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ եւ կան արեւմտյան ուժեր, որոնք չեն էլ թաքցնում, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր նվաճումներից: 2018-ին Բոլթոնը, այն ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, եկավ Հայաստան եւ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, սա էլ՝ ձայն չհանեց: Դրանք են՝ ցեղասպանության ճանաչումն է, Արցախի հայկական լինելը, մեր եկեղեցին, ավանդական արժեքները, չեմ բացառում՝ նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: 2020-ին, պատերազմի ժամանակ՝ երրորդ, թե չորրորդ օրը, իր ընտանիքին պատկանող թերթում հոդված տպագրվեց, որ պետք է ձգտենք Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ ստեղծել»,- ասում է ընդդիմադիր գործիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930