Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովի տարածքում ոչ մի ծխող չկար, պարզ է, որ սենյակներում մարդիկ ծխում են». Բաբկեն Պիպոյանը՝ «չմտածված» օրենքի խնդիրների մասին

Ապրիլ 08,2022 15:08

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել հանրային սննդի փակ եւ բաց վայրերում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործման արգելքի մասին աղմկահարույց օրենքի շուրջ:

Հիշեցնենք, որ մարտի 15-ից օրենքի այդ դրույթը մտել է ուժի մեջ ու արդեն խնդիրներ են նկատվում՝ գործարկման հետ կապված:


«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանն ասաց, որ խնդիրները բազմաթիվ են, օրենքը պարունակում է այնպիսի կետեր, որոնք անիրագործելի են, ի սկզբանե տնտեսվարողը մեղավոր է, չկա գործիքակազմ, որ տնտեսվարողն այն կատարի. «Ռեստորանային բիզնեսը տարբեր տիպերից է բաղկացած՝ նարգիլե ակումբներ, փաբեր, գիշերային ակումբներ, բաց ռեստորաններ, միջոցառումների ռեստորաններ… Բազմազան են, դրա համար բոլորին մի բանով դիտարկելը հնարավոր չէ»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ գնում ենք օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ մտածում են՝ ոնց անենք, որ շրջանցենք օրենքը: Չմտածված օրենք է, մենակ ռեստորանների մեջ ենք օրենքը նայում: Խանութներում ցուցափեղկերը պետք է լինեն փակ, որ մարդկանց աչքի առաջ տեսանելի չլինի: Վերցրել են միջազգային փորձի մի օրինակը, չեն վերցրել մյուս օրինակը, որ ինքը դրամարկղից էլ պետք է հեռու լինի: Դրամարկղի մոտ մեծ հերթեր են, ինչ-որ մեկը գալիս է, բարձր ասում է ինչ-որ ծխախոտի բրենդի անուն, բոլորը լսում են, ձայնով ցուցափեղկը բացվում է, բոլորի ուշադրությունը գնում է: Եթե մինչ այդ չէին նկատելու, կողքով անցնելու էին, հիմա բոլորի ուշադրությունը դրա վրա է սեւեռվում: Վնաս տվեցինք: Խանութները ծխախոտ արտադրողներից այդ ցուցափեղկերի համար փող էին վերցնում: Կարելի էր ասել, որ այն խանութները, որտեղ մթերք են վաճառում, ծխախոտ չի կարող լինել: Դրա փոխարեն ի՞նչ էին անելու՝ խանութների կողքին փոքր տարածք էր լինելու, ենթակառուցվածք էր զարգանալու՝ մասնագիտացված, վերահսկողությունն էլ անհամեմատ հեշտ էր լինելու, որ 18 տարեկանը խանութ չմտնի, դրսից էլ այն փակ կլիներ: Այսինքն, կարելի էր բերել ավելի խիստ բան, որ ավելի քիչ վնաս էր տալու: Մենք բերել ենք ավելի թույլ բան, որը վնաս տալիս է ու օգուտ չի տալիս»:

Երկրորդ օրինակը, որ մատնանշեց Պիպոյանը, խորհրդարանի շենքի հետ համեմատությունն էր. «ԱԺ շենքում չի կարելի ծխել, տարածքում կարելի է ծխել: Բայց հյուրանոցի տարածքում չի կարելի ծխել: Ո՞նց է ստացվում, որ մեծ հյուրանոցը մի բացօթյա տարածք չհատկացնի, որ մարդիկ կարողանան գնան, նստեն իրենց համար հանգիստ ծխեն: Օրենքը ոչ թե պաշտպանում է չծխողներին, այլ օտարում է: Ազգային ժողովի տարածքով գալիս էի, ոչ մի ծխող չկար, պարզ է, որ սենյակներում մարդիկ ծխում են, որովհետեւ չի կարող պատահի, որ այս ամբողջ շենքում ոչ մի ծխող մարդ չունենաք: Պետական կառավարման համակարգից էր պետք սկսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930