Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիճահարույց տարածքներ կան, որտեղ պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ». մանրամասներ Բրյուսելում եռակողմ հանդիպումից. «Ազատություն»

Ապրիլ 08,2022 13:56

Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ասել է բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», – ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։

Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։

«Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», – ասել է նա։

Հանդիպման երրորդ կարևոր արդյունքը, ըստ եվրոպացի դիվանագետի, վստահության ամրապնդման միջոցառումներն են՝ ներդրումներն ու հաղորդակցության ուղիները։

Եվրոպացի դիվանագետը նաև որոշ մանրամասներ է պատմել կուլիսային այդ բանակցություններից։ «Օրինակ՝ Իսպանիայի մեր արբանյակային կենտրոնը մեզ տվեց գրաֆիկական պատկերներ, որոնց ի ցույց էին դնում հայկական և ադրբեջանական զորքերի ճշգրիտ դիրքերը, ուստի մենք կարողացանք ցույց տալ առաջնորդներին այն մարտահրավերներից մի քանիսը, որոնք սպառնում են նրանց՝ լարվածությունը կանխելու իմաստով, քանի որ նրանց զորքերը իրար շատ մոտ հեռավորության վրա են կանգնած», – «Ազատությանը» պատմել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, հավելելով՝ «կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ իսկապես գնահատում են այն փաստը, որ մենք անձնական շահագրգռվածություն չունենք այս խաղում»։

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930