Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատում խորհրդային, թե՞ նախախորհրդային քարտեզներով

Ապրիլ 08,2022 13:07
zinvor

2022թ. ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում մասնավորապես հայտարարել է. «…մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը…

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա…

Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝…»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է, որ սահմանագծման աշխատանքները սկսվեն՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմանները: Միաժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն «դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»:

Հիմնվելով հարցին վերաբերող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա՝ փորձենք պարզել, արդյո՞ք ճիշտ է հիմք ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմանները:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինը ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտ: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Այս պարագայում հարց է առաջանում. ունեցե՞լ է արդյոք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Հարցին պատասխանելու համար դիմենք թեմային վերաբերելի ժամանակի փաստաթղթերին:

Փարիզի խաղաղության վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախագահ Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը 1920թ. նոյեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր դիմել է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին Ազգերի լիգային Ադրբեջանի անդամակցության խնդրանքով: Ուսումնասիրելով դիմումը՝ Ազգերի լիգան, հիմնվելով իր համապատասխան մարմինների կողմից կայացված բացասական որոշումների վրա, մերժել է այն:

Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարի 1920թ. նոյեմբերի 24-ին հրապարակված հուշագրում, մասնավորապես, գրված է. «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.), զբաղեցնելով 40.000 քառակուսի մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է» :

1920թ. դեկտեմբերի 1-ի Ազգերի լիգայի 4-րդ կոմիտեի 4-րդ նիստի արձանագրության համաձայն. «Կոմիտեն միաձայն հաստատել է հետևյալը. «Կոմիտեն, Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ենթակոմիտեի զեկույցը քննարկելուց հետո, բացասական կարծիք է տալիս Ադրբեջանի անդամակցության հետ կապված և հարցը վերադարձնում է Ասամբլեային»»:

Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեի 4-րդ նիստը 1920թ. դեկտեմբերի 1-ին, քննարկելով Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի դիմումը, որոշել է. «Կոմիտեն որոշեց, …դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չտվեցին Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:

Հիմք ընդունելով Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի դիմումի Ազգերի լիգայի կողմից տրված բացասական պատասխանը՝ կարող ենք պնդել, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, այսինքն՝ չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:

Արցախի նկատմամբ ունեցած Ադրբեջանի հավակնությունների տեսանկյունից հարկ է նշել հետևյալը. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության 23 ամիսների ընթացքում, այն է՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը, Արցախը չի հանդիսացել միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի մաս ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ առավել ևս դե յուրե: Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ նշված ժամանակահատվածում Արցախը գտնվել է միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում:

Նշված ժամանակաշրջանում արցախահայության ինը Համագումարների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված որոշումներից վեցի համաձայն՝ Արցախը հանդիսացել է անկախ քաղաքական միավոր, իսկ առաջին և իններորդ Համագումարների որոշումների համաձայն՝ Արցախն իրեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը:

Այսպիսով, կատարված համառոտ վերլուծությունից կարող ենք կատարել հետևյալը եզրահանգումները՝

Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմանները չեն կարող իրավական առումով հիմք հանդիսանալ ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար, քանի որ ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:

Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ 1918-1920թթ. ընթացքում Արցախը որևէ կարգավիճակով գտնվել է ներկայիս Ադրբեջանի իրավանախորդ՝ միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ       

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930