Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, նորմալ է, գինը տարբեր պետք է լինի»․ Գեղամ Գեւորգյանը՝ 500 դրամով վաճառվող հացի մասին

Ապրիլ 08,2022 12:46

«Դիտարկում ենք՝ շաքար ներմուծող եւ արտադրող ընկերությունները գնի բարձրացումն արդյոք համահո՞ւնչ են կատարում տնտեսական պայմաններին։ Եթե ձեռքբերման գինը բարձրացել է, արդյոք ՀՀ-ում այդ տրամաբանությա՞մբ է բարձրանում։ Իրականությանը չի համապատասխանում պնդումը, որ աշխարհում գինն իջնում է, իսկ ՀՀ-ում՝ ոչ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով շաքարավազի թանկացմանը՝ հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի նվազման, աշխարհում ինքնարժեքի իջեցման պայմաններում նվազել են որոշ ապրանքատեսակների գները՝ կարագ, ձեթ․ «Իսկ հնդկաձավարի գինն, այո, բարձրացել է, որովհետեւ ամբողջ աշխարհում պաշարի խնդիր կա։ Հիմնական ներմուծող երկրները չունեն այդ պաշարից, այդ պատճառով ինքնարժեքը բարձրացել է»։

Ինչ վերաբերում է հացի շուկայի թանկացումը վերահսկելու հարցին, պաշտոնյան հարցադրում արեց՝ պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀ-ում որքան մեծ թիվ են կազմում հաց արտադրողները․ «Իսկ այ ալյուրի շուկան դիտարկում ենք։ Բայց երբ ասում եք, որ հացը տարբեր խանութներում վաճառվում է տարբեր գնով, բա հենց այդպես էլ պետք է լինի։ Հացը տարբեր խանութներում պետք է տարբեր գնով վաճառվի»։

Հարցին՝ նորմա՞լ է, որ որեւէ խանութում հացը 500 դրամ է, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց․ «Այո, նորմալ է, որովհետեւ տարբեր սուպերմարկետներում տարբեր գին կարող է լինել, բակային խանութներում նույնպես։ Հենց դա է տնտեսական մրցակցությունը, երբ տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով են մթերք առաջարկում։ Ուզում եք ամբողջ երկրում հացը մի գնի լինի՞, ձավարն ու ձեթը մի գնի լինե՞ն։ Մի վարսավիրանոցում վարսահարդարումը մի գին է, մյուսում՝ այլ։ Ուզում եք բոլոր տեղերում նույն գինը լինի՞։ Կենտրոնում թանկ է, կենտրոնից հեռու՝ ավելի էժան։ Նույնը վերաբերում է նաեւ կաթնամթերքին»։

Դառնալով ալյուրի շուկային՝ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ երկու խոշոր խաղացողներ կան․ «ՀՀ-ն դասվում է այն երկրների շարքը, որոնք պարենի ծայրահեղ խնդիրներ չունեն։ Ցորենի հետ կապված ամբողջ աշխարհը նույն խնդրի մեջ է։ Կանխատեսում չեմ կարող անել, որովհետեւ հարցը համաշխարհային շուկայի հետ է կապված։ Մենք ռիսկերը գնահատում ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930