Գյումրեցի ֆերմերներ Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրները իրենց պատկանող դաշտում տրակտորով Z տառ ու Պուտին են գրել։ Նրանք իրենց ընկերների հետ հայկական ու ռուսական դրոշները պարզած, տրակտորի ֆոնին՝ դաշտից ռուսերենով իրենց ողջույններն են փոխանցում Վլադիմիր Պուտինին ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։
Ֆերմերները շուտափույթ հաղթանակ են մաղթում Վլադիմիր Պուտինին ռուս-ուկրաինական պատերազմում, խոսում նաև Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների «ազատագրումից»։ Նրանք նույնը ցանկանում են Արցախին։
«Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչ, փա՜ռք Ռուսաստանին, փա՜ռք Հայաստանին», -տեսանյութում բացականչում են նրանք։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Գևորգ Ավագյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նման ցույց անցկացնելու նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի լարված պահերին։
«Մենք այս ակցիան արել ենք՝ ի աջակցություն Ռուսաստանի, Արցախի։ Մեր եղբայր պետության համար ենք արել, մենք դաշնակից ենք, որպես ֆերմերներ՝ մեր աջակցությունն ենք հայտնում: Մեր տնտեսությունը կապված է ՌԴ-ի հետ: Մեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից: Թուրքիայի հետ սահմանը ռուսներ են պահում։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում, որ ռուս ժողովուրդ, մենք ձեր կողքին ենք»,-ասաց Գևորգ Առաքելյանը։
Նա ասաց, որ 200 մետր Z-ն է, 56 մետր Պուտինի անունն է, գրել են իրենց տրակտորով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ