Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության ներկայացուցիչները, երեւում է, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետների հետ լավ չեն աշխատում, կամ առհասարակ չեն աշխատում. «Ազգ»

Ապրիլ 08,2022 11:23

Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները հերթական անգամ փողոց են դուրս եկել՝ «մերժելու» Նիկոլ Փաշինյանին ու նրա կաբինետին: Դեպքերի 360 աստիճան փոփոխությամբ ու դեմքերի կրկնությամբ՝ գործող անձինք նույնաբովանդակ տեքստերով ու բոլորիս ծանոթ գործողություններով «առանց Նիկոլ Հայաստան» են վանկարկում: Վանկարկողների մեջ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որ դեռ 2018-ին խոստովանում էր, թե ինքը սխալ էր, Փաշինյանը՝ ճիշտ: Թե ո՞ր հարցում կամ ինչո՞ւ, խորհրդավոր լռություն պահելով՝ մինչեւ այժմ «ճիշտ-սխալ» «այլաբանությունը» հրապարակավ չի մեկնաբանել:

Ընդդիմության ներկայացուցիչները, երեւում է, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետների հետ լավ չեն աշխատում, կամ առհասարակ չեն աշխատում: Դեռեւս 2018-ին արդեն իսկ կիրառված մեթոդներն են բանեցնում, որոնց գործող իշխանությունը հրաշալիորեն է տիրապետում, հետեւաբար՝ գիտի նաեւ  դրանց հակազդելու մեխանիզմները:

Մինչ այս շարժումն էլ «Հայրենիքի փրկության ճակատ» էին բացել: «Գրավել» էին Բաղրամյան պողոտան ու մեծախոսում էին՝ մինչեւ Փաշինյանը չլքի վարչապետի պաշտոնը, հետքայլ չեն անելու: Սակայն ի՞նչ տեսանք. մի քանի գիշեր ցուրտ վրաններում անցկացնելուց հետո, ամենքն իր փափուկ անկողինը գերադասեց, հայրենիքի փրկությունը մի կողմ դրեցին, համաձայնեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին ու հերթական անգամ պարտվեցին Նիկոլ Փաշինյանին: Թե ինչ կլինի այս անգամ, դժվար չէ կռահել, հատկապես երբ հասարակությունն, իսկապես, տեսնել չի ուզում տարիներ ի վեր իրենց հարստահարած, կեղեքած, արատավոր բարքեր ներմուծած ու աճեցրած գործարարներին, օլիգարխներին, քաղաքական գործիչներին ու նրանց հետ կապ ունեցող որեւէ անձի:

«Ազգ»ի տեղեկություններով՝ ապրիլհինգյան հանրահավաքի կազմակերպիչները որոշած են եղել ավանդական, «նախկին» դեմքերին հարթակ չտրամադրել: Ներքին համաձայնությամբ՝ հրապարակային խոսքի իրավունք է տրվել երիտասարդ, մարդկանց համար ընկալելի եւ «ուտվող» գործիչներին: Ինչ վերաբերում է նրանց տեքստերին, ապա դրանցում որեւէ նոր բան չկար. բազմիցս ասված ու լսված խոսքեր էին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930