Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Մեզ համար կարմիր գիծ է մի բան, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում». «Հրապարակ»

Ապրիլ 08,2022 09:55

ԵԽ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ նախօրեին Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որի արդյունքները խիստ մտահոգիչ են։ Տարածված հաղորդագրության մեջ Արցախի եւ նրա կարգավիճակի մասին բառ անգամ չկա, փոխարենը երկու երկրների ԱԳՆ-ները հանձնարարականներ են ստացել՝ լծվել սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերին եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու գործին։ Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

– Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Արցախի, նրա ապագայի, կարգավիճակի մասին որեւէ հիշատակում չկա, փոխարենը մեկնարկում է սահմանազատման գործընթացը, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան պայմանավորվածությունները, ինչպե՞ս եք այս իրավիճակում տեսնում Արցախի հարցի լուծումը, ո՞ր ֆորմատում` հանդիպման ժամանակ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակում չի արվել։

– Մեզ համար Արցախի հարցը վաղուց լուծված է, մենք միշտ ունենք մեր տեսակետը, այդ տեսակետից չենք շեղվում եւ ունենք մեր կարմիր գծերը, իսկ կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

– Բայց հիմա, եթե երկու կողմը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սկսում են սահմանազատման գործընթաց, մինչեւ ապրիլի վերջ պետք է ձեւավորվի հանձնաժողով, սա չի՞ նշանակում, որ կողմերը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, վճռում են նաեւ Արցախի հարցը։ Այսինքն՝ Հայաստանից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, որի կազմում, փաստորեն, կա նաեւ Արցախ։

– Նախ եկեք չմոռանանք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը մեկ օրվա, մեկ տարվա խնդիր չէ։ Այն բավականին երկար ժամանակ է պահանջում, եւ հույս ունենք, որ այդ ընթացքում նաեւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ Բացի այդ, եկեք մի հարցը չկապակցենք մյուսին, Բրյուսելում, ըստ էության, քննարկել են երկկողմ հարաբերություններ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ։

– Վերջին ժամանակներում ակտիվ խոսակցություններ կան՝ եթե ՀՀ իշխանություններին չհաջողվի Արցախի կարգավիճակի հարցը լուծել, Արցախում հանրաքվե կանեն` Ռուսաստանի ազդեցության գոտի մտնելու պահանջով, հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը։

– Կրկնում եմ՝ մեզ համար կարմիր գիծ է մի բան, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա այն անընդունելի զարգացումն է, որ որեւէ մեկս չի հանդուրժելու, այդպիսի լուծումը լինելու է դատավճիռ, մահապատիժ մեզ համար, հետեւաբար, թե ինչպես կհասնենք մեր ուզած լուծմանը, դա ցույց կտա ժամանակը, բայց որ հասնելու ենք, դա լինելու է միանշանակ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկեն Ադրբեջանի կազմում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930