Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություն սարսափելի վատի եւ աղետալի վատի միջեւ

Ապրիլ 08,2022 10:00

Մեր քաղաքական կյանքում գոյություն ունի կայուն ավանդույթ՝ Արցախի հարցով ցանկացած բանակցություններից հետո իշխանությունն ու նրա կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը տարել է խոշոր դիվանագիտական հաղթանակ, եւ ամեն ինչ գնում է դեպի հարցի հայանպաստ լուծում: Ընդդիմությունը նույն բանակցությունները բնութագրում է որպես կատարյալ տապալում եւ խայտառակություն: Բրյուսելյան եռակողմ հանդիպումը բացառություն չէր: Ավանդական գնահատականներին ավելանում են ընդդիմադիր ռուսամետների աղոտ հույսերը, թե՝ քանի որ բանակցությունների միջնորդը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր, Պուտինն այդ հանգամանքից խիստ կվրդովվի, կջղայնանա Փաշինյանի վրա, եւ այդ դեպքում գուցե իրենց՝ ընդդիմադիրների բախտը բացվի: Կարող եմ «հանգստացնել» այդ գործիչներին՝ առանց Կրեմլի հետ կարգավորման մանրամասները համաձայնեցնելու՝ հայկական կողմը ոչ մի բանակցությունների չէր գնա: Եվ, ի տարբերություն արեւմտամետ ընդդիմադիրների, ես չեմ կարծում, որ դա սխալ է:

Հարցեր, այնուամենայնիվ, մնում են.

1. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարված է աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ներառելու է Արցախի հատուկ կարգավիճակը: Մեր իշխանավորներն ասում են, որ ընդունում են Ադրբեջանի՝ որպես նախապայման առաջ քաշած հայտնի հինգ կետերը, բայց ունեն իրենց շտկումները: Համաձայնեք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այնքան էլ «թեթեւ շտկում» չէ՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը պնդում է, որ նման աշխարհագրական հասկացություն ընդհանրապես գոյություն չունի:

2. Սահմանային հարցերն արդյոք ներառո՞ւմ են այսպես կոչված «անկլավները»: Ես, համենայնդեպս, նման ակնարկներ նկատեցի վարչապետի՝ կառավարության նիստում երեկվա ելույթի մեջ:

3. Արդյոք մեր փոքր տարածքում, երբ ամեն մի մետրը նշանակություն ունի, հայելանման հետքաշումը լա՞վ գաղափար է: Եվ արդյոք, հաշվի առնելով ամիսներ առաջ՝ Սյունիքի, իսկ վերջերս՝ Փառուխի եւ Քարագլխի դեպքերը, Ադրբեջանին կարելի՞ է այդ հարցում վստահել:

Այս բոլոր հարցերն առայժմ անպատասխան են մնում:

… 1997 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի հոդվածում կոչ էր անում հասարակությանն ու քաղաքական ուժերին՝ ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ: Վատն այն ժամանակ իր առաջարկած փուլային տարբերակն էր, իսկ վատթարագույնը՝ հարցը ձգձգելը: Ընտրվեց երկրորդ տարբերակը: Արդյունքները հայտնի են: Այժմ մենք, կարելի է ասել, այդ վատթարագույնի պայմաններում ենք ապրում: Եվ դարձյալ կանգնած ենք ընտրության առջեւ. կասեի այսպես՝ մենք պետք է ընտրենք սարսափելի վատի եւ աղետալի վատի միջեւ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Տեր-Պետրոսյանին հաջորդած երեք ղեկավարները հստակ եւ մանրամասն չեն պատմում, թե ո՞րն է որից վատը: Մենք էլ չգիտենք, թե ո՞րն է չարյաց փոքրագույնը: Գոնե իմանայինք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեկ մեկ մեր քաղաքական գործիչներն այնքան հիանալի գաղափարներ են տալիս, որ հիանում ես, չնայած հաճախ էլ դեմ ես լինում նրանց մոտեցումներին: Օրինակ, Հայրիկյանը իր հարցազրույցում ասաց, որ ժողովրդավարարությունը’ դա ընտրությունն է լավի եւ լավագույնի միջեւ, այսինքն’ եթե քո ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ է, դա ժողովրդավարություն չէ, շատ ուսուցողական գաղափար է, նմանապես հոյակապ գաղափար էր Շիրինյանի ծառայողների մեղավորության կանխավարկածն ընդունելը որպես օրենք, շատ շնորհակալություն նրանց, էլ չեմ ասում մեր ջահել քաղաքական գործիչներին, նրանց առավոտից իրիկուն կարելի է լսել, բնական է, իննսուն տոկոս գաղափարների հետ համաձայն չեմ, բայց այդ տասը տոկոսի համար պատրաստ եմ նրանց գլխիս վրա ման տալ: Խելոք հայեր, եթե ունեք գոնե տասը տոկոս ընդհանուր ռազմավարական գաղափարներ, հավաքագրվեք այդ տասը տոկոսի շուրջը, ոչ ոք բացի ձեզնից մեր ազգը չի փրկի ու զարգացման ուղի ցույց չի տա:
    Հիմա մեծուփոքր ազգերի ու ժողովուրդների ու պետությունների հետ հարաբերվելու իմ գաղափարը: Իշխանավոր հենց դառնում ես, դառնում ես ռեալ փոլիտիկի գերին, սրանց մասին չենք խոսում: Ընդդիմությունը որպես սուբյեկտ դիտարկում է ոչ թե ռեալ փոլիտիկը եւ ոչ էլ նրանց գեիներին’ իշխանավորներին, միակ սուբյեկտը, որին ճանաչում է ընդդիմությունը’ դա ժողովուրդն է, բոլոր ժողովուրդների ընդդիմություններին պետք է հուզի միմիայն իրենց եւ իրենց թշնամի թե իրենց բարեկամ ժողովուրդների վիճակը, ռեալ փոլիտիկի զոհը միշտ այդ ժողոուրդներն են: Դրա համար, երբ ասում են, թե թող պարտվի էս պետությունը, դրանից մենք միայն օգուտ կունենանք, պետք է հարցնել, թե պարտվող երկրի ժողովուրդը դրանից օգուտ կունենա՞: Գաղափարս պարզ է’ բոլոր ժողովուրդները ապրիորի բարեկամներ են եւ միայն այլասերված շիզո իշխանավորներն են, որ թշնամացնում են ժողովուրդներին: Ժողովրդասիրությունը տարածվում է ոչ միայն սեփական ժողովրդի հանդեպ, այլեւ բոլոր ժողովուրդների հանդեպ եւ սիրո օրակարգը պետք է հաղթի ատելության օրակարգին: Կարճ ասած, ոչ մեկի հետ եւ ոչ մի խաղաղության պայմանագիր, միմիայն ռազմավարական գոյաբանական դաշնություն’ վերպետական կառույց ստեղծելով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930