«Ամերիկայի ձայն»․ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպմանն ու երկրների միջև հակամարտության կարգավորմանը:
Իր խոսքում Ստեֆան Դյուժարիկն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, որը տեղի ունեցավ երեկ Բրյուսելում։ Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակական անմիջական երկխոսությունը։ Մենք ի գիտություն ենք ընդունում կողմերի՝ հետագա բանակցություններում ներգրավվելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հայտարարված հանձնառությունը։
Մենք երախտագիտությամբ նշում ենք Եվրամիության դերը շարունակական շփումները դյուրացնելու գործում և կոչ ենք անում կողմերին լուծել բոլոր չկարգավորված խնդիրները երկխոսության միջոցով և առկա ձևաչափերի շրջանակներում։ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով»։