Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշանվեր դանակի գործով» վերաքննիչը հաշվի առավ, որ քաղհայց չկա … դանակից

Ապրիլ 08,2022 14:00

«2021թ. օգոստոսի 25-ին Վահագն Բունիաթյանը գնացել է «Վերնիսաժ» հայտնի բացօթյա տոնավաճառ, գնել ռուսական գործարանային արտադրության «ВОЛК сталь» որսորդական դանակ: Գնացել է աշխատավայր: Ապա «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահ, որպեսզի գնա «Երիտասարդական» կայարան: Մետրոյի «Բարեկամություն» կայարանում ոստիկանները նրան կանգնեցրել են, հրավիրել մետրոպոլիտենի պահպանության բաժին:

Ոստիկաններն ապօրինի խուզարկել են Վահագնի ուսապարկը, պայուսակից հանել են «ВОЛК сталь» ապրանքանիշի քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակն» ու հոգեբանական ճնշում գործադրելով երիտասարդի վրա՝ ահաբեկել են, սպառնալով, թե՝ դանակ տեղափոխելը քրեորեն հետապնդելի արարք է, եւ նրան սպառնում է ազատազրկման ձեւով պատիժ: Վահագնը հասկացրել է, որ հրապարակային գործող, բացօթյա, վերահսկվող տարածքի վաճառքում դրված իրը, ապրանքը, դանակը, հուշանվերը չի կարող իր՝ գնորդի, սպառողի համար քրեորեն հետապնդելի արարք լինի, սակայն ոստիկանները նրան հորդորել են. «Այ, եթե դանակը թողնես այստեղ, ստորագրես արձանագրությունը, դու ազատ ես»: Վահագնը պատրաստակամություն է հայտնել թողնել դանակը, ստորագրել արձանագրությունը, քանի որ շտապում էր աշխատատեղ: Հետագայում Վահագնը իմացել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով»,-տեղեկացրել էինք «Առավոտի» հրապարակմամբ («Վերնիսաժից» գնված դանակի համար երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել, դատավճիռ կայացվել», «Առավոտ» օրաթերթ 19.01.2022): Հուշանվեր-դանակն արժեցել է 11.000 ՀՀ դրամ, ընդհանուր 30 սմ երկարությամբ էր, 12 սմ երկարությամբ բռնակով եւ 18 սմ երկարությամբ շեղբով եւ իր պատյանով:

Դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած դատավճռի դեմ (2021 հոկտեմբերի 20) բողոք էր ներկայացվել քրեական վերաքննիչ դատարան: Հիշեցնեմ, որ առաջին ատյանը դատապարտել էր ծրագրավորող Վ. Բունիաթյանին տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքը պաշտպանել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ. Փայտյանը: Վահագնի պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը: Վահագնի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Պաշտպանն իր բողոքով խնդրում էր արդարացնել Վահագնին, եւ կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել նրա անմեղությունը:

Այս տարվա հունվարի 3-ից Վահագնի գործը գտնվում էր քրեական վերաքննիչ դատարանում (դատավորներ Նարինե Հովակիմյան, Կարեն Մարդանյան եւ Ռուզաննա Բարսեղյան կազմով): Երկու դատական նիստ նշանակվել էր փետրվարին, մեկը՝ մարտին, իսկ վերջին նիստը, որով ավարտվեց բողոքի քննությունը, ապրիլի 1-ին էր:

Քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որքան էլ անբասիր նկարագիր ունեցող երիտասարդը ներկայացրեց, թե իր հուշանվերը գնել է հանրային տոնավաճառից, որ ինքը «Զենքի մասին» օրենքի «խախտման» մասին տեղեկացել է, երբ իրեն մեղադրանք են առաջադրել եւ, առհասարակ, որեւէ մեկը, տվյալ դեպքում վաճառողն էլ չի զգուշացրել, թե այդ հուշանվեր -դանակը գնելու համար կարող է քրեական հետապնդման ենթարկվի:

Ընդհանուր իրավասության դատարանում Վահագնը հայտարարել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցուցմունք տվել, ասելով, որ՝ «Դանակը գնել է «Վերնիսաժ» տոնավաճառից, որպես հուշանվեր: Քանի որ դանակն ազատ վաճառքում է եղել, ինքը չի մտածել, թե այն կարող է համարվել սառը զենք: Դանակը գնելուց հետո այն դրել է ուսապարկի մեջ: Ինքը որսորդությամբ չի զբաղվել, որսի չի գնացել»: Դատարանները «հաշվի առան» միայն, որ այս քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, գույքի վրա կալանք չի դրվել: Վահագնը նախկինում դատապարտված չի եղել, ըստ էության զբաղվում է մտավոր գործունեությամբ: Դե, դա դատարանին կարծես չհուզեց: Քրեական վերաքննիչն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության բատարանի իրավական գնահատականները նույնպես, այն է. «Մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանն արձանագրում է, որ այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Գնահատելով Վահագն Բունիաթյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորությունը՝ դրա կատարման հանգամանքների տեսանկյունից, դատարանը հաշվի է առնում այն, որ դրա առարկան որսորդական դանակ է (ըստ փորձագետի եզրակացության), որն օժտված է վնաս պատճառելու առավել բարձր ունակությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի դիսպոզիցիայով նախատեսված զենքի այլ տեսակների համեմատ, ինչը բարձրացնում է արարքի հանրային վտանգավորությունը»: Ըստ դատարանի՝ «կրելը» եզրույթը ներառում է համապատասխան առարկայի՝ անձի մոտ (այդ թվում՝ իր մոտ առկա պայուսակում) գտնվելու ցանկացած դեպք: Բունիաթյանի ցուցմունքներով հիմնավորվում է նաեւ այն, որ նա գիտակցել է իր մոտ նշված դանակի առկայության փաստը եւ այն կրել է իր ցանկությամբ (կամքով)»:

Սա այն դեպքում, երբ Վահագնը պնդել էր, նկարագրել, որ «Ուսապարկի դիրքը եւ չափերն այնպիսին են, որ այն ձեռքի համար անհասանելի է եղել: Բացի դանակից, պայուսակի մեջ եղել են նաեւ այլ իրեր»:

Շատ ուշագրավ նկատառում կա. տոնավաճառ նման «զենք ու զրահը» վաճառողները ինչպես են տեղափոխում, նրանք մինչ տոնավաճռի տեղ հասնելը «կրում են» առարկա՞ն, թե՞ կրում են… միայն իրավական եզրույթը:

Բունիաթյանները մտադիր են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Մեղադրական եզրակացության մեջ գրված է. «Վահագն Բունիաթյանը ամբողջությամբ ընդունել է մեղքը եւ զղջացել կատարվածի համար (մեջբերման ավարտը)»։ Փաստն այն է, որ Վահագն Բունիաթյանը կամավոր հրաժարվել է դանակից։ ՀՀ քրեական օրենսգքի նույն` 235-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Այս կետի համաձայն, Վահագն Բունիաթյանը պետք է ազատ արձակվեր հենց մետրոպոլիտենի պահպանության բաժնից։

«Առավոտ» օրաթերթ
07.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Ողջ դատական պրոցեսն ընթացավ դատավորների դրական մոտեցումներով։ Նրանց ապշեցրել էր գործի անհեթեթությունն ու աբսուրդը։ Ապշեցնող և ծիծաղելի, թերի մասնագիտական էին դատախազի մեղադրանքները, որոնց մի մասը դատարանը թերևս հերքեց։ Ոչ կարճատև ընդմիջումից հետո դատավոր Նարինե Հովակիմյանը հռչակեց վճիռը, համաձայն որի` քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Դատավորը հռչակեց վճիռը գլուխը կախ, ինքն իրեն դեմ գնալով, կարծես չուզենալով, կարծես ափսոսալով, որ դատավարության ընթացքում իր խոսքն ու դիրքորոշումը այդքան դրական էին։ Այո´. դատավարության ընթացքում նա իսկապես պաշտպանում էր արդարությունն ու ցանկանում էր այն վերականգնել։ Բայց ժամ ու կես ընդմիջում եղավ և… Ի՞նչ էր տեղի ունեցել այդ ժամ ու կեսվա ընթացքում։ Մեկ պատասխան կա. զորավոր մեկը, գուցե հեռախոսազանգով, գուցե` առերես, թելադրել էր, թե ինչպիսին պիտի լինի դատավարության ելքը։ Այստեղ, ըստ իս, ակնհայտ է մեղադրող դատախազ Վանուհի Փայտյանի դերակատարումը։
    Սա գրում եմ ո´չ այն պատճառով, որ գործն անմիջականորեն առնչվում է իմ ընտանիքին։ Սա գրում եմ, որպեսզի վկայեմ ճշմարտությունն առ այն, որ սիրտս խառնում է էս գողապետությունից։ Այստեղ օդն անգամ գարշելի է։ Դուրս եկա դատարանից, կարծես գնացել էի հասարակական բաղնիք, ուր ամենքը մերկ էին, իսկ քիսաչին կուլիսների ետևում էր։

    Սմբատ Բունիաթյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930