Ռուսաստանաբնակ դիրիժոր Գարիկ Քյուրքչյանը հաստատվում է Հայաստանում
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մարտի 31-ին կայացած տեղի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան) եւ առաջին անգամ հայրենիք այցելած մենակատար սփյուռքահայ երաժիշտների մասնակցությամբ համերգի մասին հիացական լուրերը դարձել են արվեստագետների խոսակցության նյութը, մանավանդ որ, նվագախումբը ղեկավարել է 24-ամյա ռուսաստանաբնակ դիրիժոր Գարիկ Քյուրքչյանը։ Երիտասարդ դիրիժորի մասին նշվում է, որ նա ՌԴ-ում ավարտել է մի քանի մասնագիտական հաստատություն, հիմա էլ կատարելագործվում է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, նույնիսկ հասցրել է գործունեություն ծավալել Չինաստանում։
Գարիկ Քյուրքչյանի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք, որ ծնունդով Գյումրիից է, մեկ տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Սիբիր, որպես խմբավար կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի Գլինկայի անվան կապելլայում, հետո՝ Սուրգութի Ռուսական արվեստի պետական քոլեջում, ապա՝ Նիժնի Նովգորոդի Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայում։ Հաստատելով մեր տեղեկությունը, նա ասաց, որ իսկապես կատարելագործվում է Երեւանի կոնսերվատորիայում, մաեստրո Ասատրյանի դասարանում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։
«Սուրգութում սովորելու վերջին տարում մասնակցեցի Երիտասարդ դիրիժորների ռուսաստանյան մրցույթին եւ դարձա դափնեկիր, ինչն էլ ինձ հնարավորություն տվեց առանց քննությունների ընդունվել կամ կատարելագործվել ցանկացած բուհում։ Ես էլ ընտրեցի Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Այնտեղ ուսման տարիներին մասնակցեցի Ռուսաստանում եւ Գերմանիայում կայացած դիրիժորների մրցույթներին, երկուսում էլ արժանացա դափնեկրի կոչման։ Ընդ որում, Նիժնի Նովգորոդում, 17 տարեկանում ինձ վստահվեց ղեկավարել վետերանների եւ հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու երգչախմբերը։ Միաժամանակ դասավանդում էի տեղի Next փորձարարական թատրոնում։ 2017-ին Սոչիում կայացած Երիտասարդության եւ ուսանողների փառատոնի շրջանակներում 18 երկրի երաժիշտներից կազմվեց սիմֆոնիկ նվագախումբ՝ մաեստրո Այրատ Կաշաեւի ղեկավարությամբ։ Ես պատիվ ունեցա հանդիսանալ նրա ասիստենտը։ Միեւնույն ժամանակ մասնակցեցի անցկացվող վարպետության դասընթացների, որոնք վարում էին անվանի դիրիժորներ, այդ թվում՝ Ալեքսանդր Սլադկովսկին։ Հիշյալ փառատոնը անցկացվում էր անձամբ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո եւ կլոր սեղանների շուրջ հանդիպեցինք ոչ միայն ՌԴ նախագահին, այլեւ ԱԳ նախարար Լավրովին եւ այլ պաշտոնատար անձանց»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Հավելեց նաեւ, որ հաջորդ տարի՝ 2018-ին, որպես Սփյուռքի եկեղեցու ներկայացուցիչ, մասնակցել է Հայաստանում անցկացվող Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության հերթական փառատոնին. «Մինչ այդ փառատոնը ընդամենը մեկ-երկու անգամ էի եղել Հայաստանում, մի քանի օրով, այն էլ բարեկամներիս հանդիպելու նպատակով։ Իսկ այդ տարի, փառատոնի շնորհիվ, առանց չափազանցնելու ասեմ, որ շրջեցի ողջ Հայաստանով։ Ի դեպ, այդ օրերին էլ ծանոթացա իմ ապագա կեսի հետ՝ ֆրանսահայ Լորիի հետ։ Հաջորդ տարի որոշում կայացրի վերջնական տեղափոխվել Հայաստան։ Մի բան էլ նշեմ. բախտս բերել է պրոֆեսորների առումով. ուսանել եմ ճանաչված անուններ Բիգլիցովի, Մուսինի, Կուրժավսկիի, հիմա էլ՝ Ասատրյանի ղեկավարությամբ»։
Ինչ վերաբերում է Չինաստանում ծավալած գործունեությանը, դիրիժորը հայտնեց, որ Գանչժոուի կոնսերվատորիայում դասավանդելու եւ ուսանողական երգչախումբը ղեկավարելու հրավերը ստացել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան ավարտելուց հետո։ Հետաքրքրությանը, թե չինացինե՞րն իրեն ինչպես «հայտնաբերեցին», երաժշտի պատասխանը հակիրճ էր՝ մրցույթներից։
Անդրադառնալով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած համերգին, արվեստագետը հավաստիացրեց, թե հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ 120 հանդիսատեսի համար նախատեսված սրահում ներկա է գտնվել շուրջ 250 երաժշտասեր։ Մանրամասնելով էլ ասաց, որ իբրեւ մենակատարներ սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել ալտահար Աշոտ Մանուկյանը՝ Գերմանիայից, ջազ-դաշնակահար Տոնի Կարապետյանը՝ Ռուսաստանից, ինչպես նաեւ Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներից կազմված «Լիլլա» վոկալ քառյակը, հնչել են Բեթհովենի, Հայդնի, Բրուխի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Ես բազմաթիվ երաժիշտ ընկերներ ունեմ Սփյուռքում։ Գյումրիում կայացած համերգը կունենա շարունակություն, որի նպատակը մեկն է՝ ներկայացնել սփյուռքահայ արվեստագետներին, իսկ որպես գերնպատակ՝ հատկապես նրանց, ովքեր դեռ ոտք չեն դրել հայրենիք»,- ասաց Գարիկ Քյուրքչյանը։
Զրույցի ընթացքում դիրիժորը տեղեկացրեց, որ սփյուռքահայ երաժիշտ ընկերների հետ նախաձեռնել էին Հայաստանում հիմնել բարոկ-ակադեմիա, բայց համավարակը, հետո պատերազմը, խափանել են իրենց ծրագրերը, իսկ այդ նպատակի համար տրամադրված ողջ գումարը իրենք փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Ընկերներիս հետ որոշեցինք հայրենիքում վերսկսել մշակույթի զարգացման մեր ծրագիրը եւ օրերս Գյումրիում կայացած համերգը, փաստորեն, առաջին քայլն էր»,- եզրափակեց Գարիկ Քյուրքչյանը։ Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը՝ հայրենիքում հավանաբար աշխատատեղ է փնտրում, դիրիժորը պատասխանեց. «Ոչ թե աշխատատեղ եմ փնտրում, այլ գործունեության հարթակ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2022