Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհուրդ եմ տալիս արտերկրում գտնվողներին վերադառնալ ու Հայաստանը զարգացնել ներսից»

Ապրիլ 08,2022 13:00

Կոչ է անում Ռուսաստանից Հայաստան վերադարձած ապագա բժշկուհին

Մերի Սահինյանը մեկ տարեկան էլ չկար, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ մշտական բնակություն հաստատեց։ Այսօր արդեն 19-ամյա Մերին վերադարձել է Հայաստան։ «Արդեն 2 տարի է, ինչ բնակություն եմ հաստատել այստեղ, սակայն մինչ այդ գրեթե ամեն տարի ամռանը գալիս էի Հայաստան։ Կար հնարավորություն արձակուրդներն անցկացնել եվրոպական ցանկացած երկրում, սակայն ես եւ եղբայրս նախընտրում էինք գալ մեր հայրենի գյուղը։ Դպրոցն ավարտելուց հետո, առանց երկար մտածելու ասացի, որ պետք է ուսումս շարունակեմ Երեւանում, ու ընդունվեցի Երեւանի պետական բժշկական համալսարան եւ շուտով կավարտեմ 2-րդ կուրսը»,-մեզ հետ զրույցում ասաց Մերին։

Իսկ թե ինչու հենց բժշկի մասնագիտություն, այս մասին էլ հետեւյալը նշեց. «Տարիներ առաջ, երբ տատիկիս տեսա շատ ծանր վիճակում, ինքս ինձ խոստացա, որ պետք է բժիշկ դառնամ։ Մինչեւ հիմա, երբ հիշում եմ նրան, ամբողջ մարմնովս դող է անցնում…

Բարեբախտաբար, մեր խմբի համար դասերը կազմակերպվում են ռուսերենով, սակայն մենք անցնում ենք նաեւ հայերենի կուրսեր, ինչպես նաեւ ուսումնասիրում ենք հայոց պատմությունը: Սա ռուսական կրթություն ստացածներիս համար հնարավորություն է ոչ միայն ծանոթանալու մեր լեզվին, այլեւ մեր հարուստ մշակույթին։ Իմ համոզմամբ, Հայաստանում կրթությունը որակական ավելի լավ ցուցանիշի վրա է, քան Ռուսաստանի շատ ու շատ քաղաքներում։ Այստեղ նույնիսկ դպրոցական ծրագիրն ավելի բարդ ու հագեցած է, քան այնտեղ։ Մի խոսքով, այստեղ որակով ուսում ստանալը երաշխավորված է»։

Կարդացեք նաև

Իսկ արդյոք արդարացե՞լ են այն սպասելիքները, որ ուներ Հայաստան գալուց առաջ՝ այս հարցին Մերին այսպես է պատասխանում. «Միանշանակ՝ այո… Իմ շատ մտերիմների էլ եմ խորհուրդ տվել տեղափոխվել Հայաստան եւ հայրենիքում կրթություն ստանալ։ Ընդհանրապես արտերկրում գտնվողներին խորհուրդ եմ տալիս վերադառնալ եւ երկիրը զարգացնել ներսից, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը դա կանի մեր փոխարեն»։

Մերիից նաեւ տեղեկացանք, որ բժշկական համալսարանն ավարտելուց հետո որոշել է բացել սեփական կլինիկան Երեւանում, եւ հայրենիքում զբաղվել իր սիրած գործով։

Ելենա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
07.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930