Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսը սիրում է պարզ զրույց եւ անկեղծ խոսք»

Ապրիլ 08,2022 12:30

Ասում է դերասան, բեմադրիչ Սարգիս Շողունցը

– Սարգիս, ինչպե՞ս որոշեցիք դերասան դառնալ եւ ի՞նչ տեղ ունի թատրոնը ձեր կյանքում։

– Դերասան դառնալու մասին երբեք չեմ մտածել, այդպես ստացվեց, ճակատագիր է…

Երբ դպրոցն ավարտեցի, պարարվեստի ուսումնարան ընդունվելու համար խոչընդոտ հանդիսացավ ավելորդ քաշս: Մի օր մորս հետ Պատանի հանդիսատեսի թատրոն գնացինք, որտեղ մեզ դիմավորեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։ Նա ինձ լսեց եւ ընդունեց իր խումբ։ Այդ օրվանից սկսած երբեք չեմ մտածել` ինչով պետք է զբաղվել, որովհետեւ արդեն իսկ ամեն ինչ պարզ էր:

Առանց վերամբարձ խոսքերի՝ թատրոնն իմ կյանքն ու առօրյան է, այն, ինչի համար ամեն օր արթնանում եմ:

– Հանդիսատեսը միշտ անկեղծ խոսքի կարիք ունի, արդյոք այսօրվա թատրոնն արտահայտո՞ւմ է այդ անկեղծությունը։

– Միանշանակ, հանդիսատեսն ունի անկեղծ խոսքի կարիք։ Այսինքն, եթե ավելի պարզ ասենք` նա ուզում է լսել այսօրվա խնդիրների մասին, ուզում է տեսնել այն, ինչն այսօր է կատարվում, բայց, ցավոք, մեր ժամանակների թատրոնը տարված է թարգմանական դրամատուրգիայով եւ հազվադեպ է լինում անդրադարձ հենց այսօրվան:


Իմ վերջին ներկայացումներից մեկը` «Հայն ու հայը», հենց մեր ժամանակների, այսինքն՝ այսօրվա հարցերի շուրջ է: Ներկայացումը պարզ զրույցի միջոցով հանդիսատեսի հետ հասնում է իր տրամաբանական ավարտին: Եվ պետք է նշեմ, որ այս ներկայացումը միջոց դարձավ հասկանալու համար, որ հանդիսատեսը շատ է սիրում պարզ զրույցն ու անկեղծ խոսքը:


– Այս համատեքստում անդրադառնանք «Պոետի խոստովանանքը» ներկայացմանը…

– «Պոետի խոստովանանքը» ինձ համար պատմական էքսկուրս էր: Ինձ գրավեց պատմական կերպարի հետ աշխատելը, պատմությունը մեկնաբանելը: Եսենինը շատ հյութեղ կերպար էր, հաստատ պետք էր անդրադառնալ: Բայց կխոստովանեմ, որ եթե փորձերը պատերազմից հետո սկսեի, հաստատ Եղիշե Չարենց կբեմադրեի։ Ցավում եմ, որ պատերազմը պատճառ դարձավ այդ մտքին հանգելու, բայց կարծում եմ` շուտով սխալս կուղղեմ։

– Խոսենք նաեւ դրամատուրգ-բեմադրիչ-դերասան համագործակցության մասին։ Ձեր կարծիքով այսօր այն ամո՞ւր հիմքերի վրա է։

– Դրամատուրգ-ռեժիսոր-դերասան կապը ոչ միայն ամուր հիմքերի վրա չէ, այլ կարծես բացակայում է մեր օրերում: Հատուկենտ դեպքեր կան, որ ռեժիսորները դիմում են հայ ժամանակակից դրամատուրգիային կամ անձամբ դրամատուրգի հետ համագործակցությամբ գործ են ստեղծում։ Այս կապը ամրացնելը շատ կարեւոր է, քանի որ հայ թատրոնն առանց ազգային դրամատուրգիայի պարզապես չի կարող լինել։


Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930