Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռելաքս» Ծաղկաձորում՝ Արցախում ադրբեջանական զինուժի հարձակումների օրերին

Ապրիլ 08,2022 12:00

Մի պահանջեք Քոչարյանից ավելին, քան նա կարող է, ավելին՝ քան նա ուզում է

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք անցկացրեցին ապրիլի 5-ին։ Այն ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախօրեին կազմակերպվեց։ Հանրահավաքը բազմամարդ էր, էներգետիկայի առումով՝ նախորդներից տարբերվում էր, բովանդակային առումով՝ նորություն չկար, հասարակության մոտ առկա՝ «վճռական գործողությունների դիմելու» պահանջի առումով, առայժմ՝ անորոշ էր:

Մի քանի օր համացանցային ակտիվ քննարկումների թեմա էր դարձել Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը: Անգամ համարձակ պնդումներ էին ներկայացվում, թե Քոչարյանը կգտնի որեւէ պատճառաբանություն, որպեսզի չմասնակցի ապրիլի 5-ի հանրահավաքին: Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց հանրահավաքին, բայց զարմանալի է, թե ինչու էին մարդիկ կենտրոնացել նրա մասնակցության թեմային, եթե շատ ավելի կարեւոր հանգամանք կար քննարկելու:

Այսպես, Քոչարյանի վատառողջ լինելու մասին առաջին տեղեկատվությունը ստացվեց մարտի 29-ին՝ ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական թիմի տարածած տեղեկությունից: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Այդ օրը հայտնի դարձավ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ, նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ նա չի ներկայացել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրել էր նաեւ համապատասխան բժշկական տեղեկանքը եւ հայտնել, որ նախնական տվյալներով՝ բուժումը կտեւի մոտ 10 օր։

Ապրիլի 5-ի հանրահավաքի նախօրյակին արդեն մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե՝ «Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել», որն, ի դեպ, չհերքվեց նրա գրասենյակի կողմից: Ապա, շրջանառվեց վարկածը, որ նա հենց այդ պատճառով էլ չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։

Ապրիլի 4-ին հստակություն մտցրեց Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, որը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում՝ մեկնաբանելով նրա վնասվածքի մասին ԶԼՄ-ներում տարածված լուրը, հայտնեց, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ: «Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,-ասել էր Միկոյանը։

Ինչո՞ւ են կարեւոր վերոնշյալ ամսաթվերը…

Քոչարյանի գրասենյակի համակարգողի տրամադրած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի վերջի օրերին, երբ Արցախում ադրբեջանական զինուժը ներխուժել էր Փառուխ եւ Քարագլուխ, իսկ հետո ակնհայտ դարձավ, որ ռուս խաղաղապահների գործուն աջակցությամբ, որով հայկական կողմին առաջարկել են հետ քաշվել, իսկ արդյունքում ադրբեջանական կողմն է առաջ եկել, ահա այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ծաղկաձոր՝ հանգստի, «ակտիվ սպորտով զբաղվելու» իր սովորական կենսաձեւի համաձայն, կարծես, ոչինչ չի էլ պատահել: Մինչդեռ Պուտինի հետ ընկերություն անող ցանկացած քաղաքական-պետական գործիչ, երեւի ճիշտ կլիներ, եթե հեռախոսը վերցներ, զանգեր նախկին գործընկերոջը, հետաքրքրվեր, թե այս ի՞նչ է կատարվում Արցախում ռուս խաղաղապահների ձեռքով…

Ու արդեն կարեւոր էլ չէ, թե հատկապես ո՞ր սպորտաձեւի կիրառման արդյունքում է Ռոբերտ Քոչարյանը վնասվածք ստացել, կամ առհասարակ, հարցը՝ որքանո՞վ է լուրջ նրա ստացած վնասվածքը, կամ՝ ստացե՞լ է նա, ընդհանրապես, վնասվածք, թե՞ չի ստացել… Կարեւորը Քոչարյանի գրասենյակի համակարգողի հայտնած տեղեկատվությունն է, որ Արցախում Ադրբեջանի առաջխաղացման օրերին Ռոբերտ Քոչարյանը նախընտրել է «ռելաքսը»:

Հետեւաբար, մի պահանջեք Քոչարյանից ավելին, քան նա կարող է: Ռոբերտ Քոչարյանը չի կարող ընդդիմանալ Պուտինի ստորագրությամբ՝ եռակողմ որեւէ փաստաթղթի: Կա՞ որեւէ մեկը, որ կպատկերացներ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղյալ հայտարարելու պահանջով Քոչարյանը մեր հասարակությանը կանչում է փողոց՝ անժամկետ ցույցերի ու ինքն էլ անձամբ գիշերելու է Ազատության հրապարակում օրեր շարունակ: Եթե նա այդպես գործեր, դա կնշանակեր՝ գործել ընդդեմ Կրեմլի ու անձամբ Պուտինի «խաղաղասիրական» ջանքերի:

Եվ ընդհանրապես, ի՞նչ կտրուկ գործողություններ կարելի է ակնկալել քաղաքական գործչից, որը Արցախում լարվածության մի նոր փուլի պայմաններում, երբ ողջ աշխարհից սկսեցին հայտարարություններ հնչել ի պաշտպանություն արցախցիների, նախընտրում է ակտիվ հանգիստը:

Հետեւաբար, մի սպասեք Քոչարյանից ավելին, քան նա ուզում է: Իսկ նա, ըստ ամենայնի, ընդամենն ակնկալում է, որ Կրեմլի օգնությամբ իշխանությունը «սկուտեղի» վրա կմատուցեն իրեն: Բայց, ինչպես երեւում է, Փաշինյանը, Պուտինի պատկերացմամբ, այնքան էլ վատ իշխանավոր չէ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930