Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կարելի է վաճառել Ամերիկայում: Ամեն ապրանք իր հաճախորդն ունի»

Ապրիլ 08,2022 14:30

44-օրյա պատերազմից հետո Նշան եւ Լիլիթ Օդաբաշյանները որոշել են մի փոքրիկ «Ամազոն» ստեղծել, հայկական արտադրանքն աշխարհին ճանաչելի դարձնել:

Հայկական արտադրանքը սփյուռքում եւ ամերիկյան սպառողին ճանաչելի դարձնելու նպատակով 2022 թվականի ապրիլի 10-ին Լոս Անջելեսում տեղի կունենա առաջին «Զատիկ» փառատոնը: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Նշան Օդաբաշյանը, ով տիկնոջ՝ Լիլիթ Օդաբաշյանի հետ Buy Armenian-ի հիմնադիրներն են: Buy Armenian առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են հայ արտադրողների ապրանքները: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում 44-օրյա պատերազմից հետո: Լիլիթն ասում է՝ գաղափարը ծնվել է հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից, այն է՝ յուրաքանչյուր հայ մի բան պետք է անի, որպեսզի Հայաստանը զարգանա, հզորանա, տնտեսությունը ոտքի կանգնի:

Ամուսինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր
հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ

«Որպեսզի սփյուռքում քաջալերեինք, որ հայկականը գնեն՝ դրանով օգնելով մեր հայ արտադրողներին, ստեղծեցինք Buy Armenian հարթակը: Մեկ տարի ֆեյսբուքի խմբով ենք սկսել, բայց որպեսզի այդ գործը կայանար, ավելի արդյունավետ ու շարունակական լիներ, պետք է դառնար բիզնես: Հիմա արդեն ունենք 50 հազար անդամ: Պետք է, ոչ թե բոյկոտենք թուրքական ապրանքը, այլ քաջալերենք հայկական արտադրանքը»,-ասում է Լիլիթը:

Նշան եւ Լիլիթ Օդաբաշյանները

Buy Armenian-ի տաղավարում կներկայացվեն 50-ից ավելի հայ արտադրողների ապրանքներ, ծառայություններ, որոնք ուղարկվել են Հայաստանից՝ հատուկ այս միջոցառման համար:

Կցուցադրվի սնունդ, հագուստ, խմիչք, չրեղեն շոկոլադ, մոմեր, կերամիկա՝ հայկական զարդանախշերով, ոսկյա, արծաթյա զարդեր, կոսմետիկ միջոցներ, օճառներ: Փառատոնում ներկայացված կլինեն նաեւ Արցախի կարպետները:

Ինչպես ամուսիններն են ասում՝ փառատոնից ստացված հասույթի մի մասը պետք է ուղղվի 44-օրյա պատերազմում զոհվածների եւ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:

Նշան Օդաբաշյանը համոզված է, որ նման միջոցառումները հայաստանյան արտադրողների համար լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, նոր հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման համար:

Հարցրինք՝ ամերիկյան շուկան որքանո՞վ է հետաքրքրված հայկական արտադրանքով, արդյոք հայ գործարարները, որոնց արտադրական ծավալներն այդքան էլ մեծ չեն կարո՞ղ են բավարարել այդ հսկայական շուկայի պահանջարկը:

«Ամեն ինչ կարելի է վաճառել Ամերիկայում: Ամեն ապրանք իր հաճախորդն ունի: Շուկան շատ մեծ է, արտադրանքի համեմատ հաճախորդին կարող ենք գտնել»,-ասում է Նշան Օդաբաշյանը: Լիլիթն էլ հավելում. «Ամերիկյան շուկան շատ-շատ մեծ է՝ փոքրից մինչեւ մեծ ծավալներ, արտադրության համեմատ շուկա կգտնենք մենք: Երբ որ Հայաստանի արտադրողը սկսի փող աշխատել, գումար վաստակել, կարող է իր բիզնեսը մեծացնել, զարգացնել եւ ի վերջո կարող է դառնալ ամենամեծ առեւտրի կենտրոններին ապրանք մատակարարող: Սկզբում կարելի է քչով սկսել. Նրան համեմատ շուկա գտնելով կզարգացնենք եւ առաջ կգնանք եւ նրանց առջեւ ավելի մեծ շուկաներ ու դռներ կբացվեն»:

Նշան Օդաբաշյանը մասնագիտությամբ բժիշկ է, ատամի նյարդի նեղ մասնագետ, նաեւ գործարար: Նա այն գործարարներից մեկն է, որը դարձել է Մանթաշյանց գործարարների միության Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ: Մասնաճյուղը վերջերս է բացվել: Արդեն ունի 30 անդամ: Նշան Օդաբաշյանի խոսքով, սկզբնական նպատակը հայկական արտադրանքը սփյուռքում՝ հայերին ճանաչելի դարձնելն է, հետո նոր՝ օտարներին, քանի որ նրանց շուկան շատ ավելի մեծ է: Նշանն ասում է՝ միությանն էլ միացել է նաեւ այն նպատակով, որ Լոս Անջելեսի գործարարների եւ հայ արտադրողների միջեւ կապեր ստեղծի, ծանոթացնի, որպեսզի բիզնեսները համագործակցեն: Նշանի համոզմամբ, հայկական շատ ապրանքներ որակով չեն զիջում ամերիկյան շուկայում եղած նմանատիպ շատ ապրանքներին, կան ապրանքներ էլ, որ ավելի որակյալ են, սակայն թույլ մարքեթինգի պատճառով ճանաչելի չեն եւ որքան էլ հայկականը լինի որակյալ ու լավագույնը, գնորդները նախապատվությունը տալու են իրենց ծանոթ հայտնի ապրանքանիշերով արտադրանքին. «Գաղտնիք չէ, որ չինական Թայվանի, Շրի Լանկայի Վիետնամի ապրանքները շատ տարածված են այստեղ եւ որակ չունեն եւ հայկականը նրանց կողքին շատ որակյալ է, բայց, եթե համեմատենք իտալական, ֆրանսիական ապրանքների հետ, նրանք շատ ավելի լավ մարքեթինգ ունեն, ճանաչված ապրանքանիշերով եւ շատ ավելի պահանջված են, եթե նույնիսկ հայկականը շատ որակյալ էլ լինի մարդիկ պիտի փնտրեն, իտալականն առնեն: Այդ ապրանքանիշերը միայն մարքեթինգի վրա տարեկան 3-4 հարյուր միլիոն դոլար են ծախսում»:

Նշանը գտնում է, որ հայ արտադրողները մարքեթինգի վրա շատ պետք է աշխատեն. «Ճիշտ է վերջին մի քանի տարիներին Հայաստանում մարքեթինգը զարգացել է, բայց ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ դեռ շատ պետք է աշխատեն: Եթե օտարին հարցնես՝ ի՞նչ է հայկական արտադրանքը, ի՞նչ որակ ունի եւ այլ, չգիտեն: Անգամ չգիտեն՝ Հայաստանն ինչ երկիր է: Շատ մեծ շեշտադրում պետք է արվի մարքեթինգի վրա, որպեսզի օտարները տեղյակ լինեն: Ես կարծում եմ, որ սա ավելի շատ Հայաստանի կառավարության գործն է, քանի որ դա մեծ գումարների հետ է կապված: Պետք է գովազդեն Հայաստանը, գովազդեն հայկական արտադրանքը»:

Լիլիթ Օդաբաշյանի խոսքով, Հայաստանում կան ապրանքներ, որոնց որակը շատ բարձր է, բայց կան ապրանքներ էլ, որոնք պետք է զարգանան. «Մենք ուզում ենք աշխատել Հայաստանի որակյալ ապրանքների հետ, որպեսզի առաջին տպավորությունը շատ լավը լինի»:

Լիլիթն ասում է, որ հայ արտադրողները ապրանքի փաթեթավորման, հաճախորդի սպասարկման հարցերին նույնպես պետք է ուշադրություն դարձնեն, ինչը եւս նրանց թույլ կողմերից է. «Պետք է բավականին աշխատանք տանել եւ որակը լավացնել: Զարգացում ապրել են, բայց դեռեւս շատ ապրանքների փաթեթավորումը ամերիկյան շուկայի մակարդակին չէ»:

Ամուսիններն ասում են, որ Buy Armenian-ի նպատակներից մեկն էլ մի փոքր հայկական «Ամազոն» ստեղծելն է: Սակայն, ինչպես նրանք են նշում, ապրանքները ԱՄՆ եւ այլ երկրներ հասցնելու լոգիստիկ խնդիրներ կան:

Նշանի խոսքով, այդ հարցում ամենամեծ խոչընդոտը փոխադրումներն են, որի պատճառով էլ ապրանքների առաքման աշխարհագրությունն ու բիզնեսի ծավալները չեն կարողանում շատ մեծացնել. «Փոխադրման ծախսերը բարձր են, բայց մենք ամեն ինչ պետք է փորձենք, որ հաջողենք այս ծրագիրը, որովհետեւ Հայաստանի ապրանքը պետք է ներկայացվի սփյուռքում եւ տարբեր երկրներում, մարդիկ պետք է օգտվեն, եւ հայ արտադրողը ճանաչելի դառնա:

Դրա համար տարբերակներ ենք փնտրում, որ ավելի հարմար ձեւով ապրանքները հասցնենք գնորդներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930