Այսօր կայացել է «Արորդիներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Սուսաննա Սարգսյանը:
«Այս կուսակցության ետեւում կանգնած է հայ ժողովրդի ուժը: Ոչ մի դրսի կամ ներսի ուժեր կանգնած չեն մեր թիկունքում: Կանք այն՝ ինչ ներկայանում ենք: Ոչ մի ուժի կողմից մենք չենք ֆինանսավորվում, չենք հովանավորվում: Մեր տերն Աստված է, մեր թիկունքում Արարիչն է, ով ստեղծել է մեր երկիրն ու ազգը»,-Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ովքե՞ր են իրենց հովանավորողները, պատասխանեց Սուսաննա Սարգսյանը:
«Արորդի»-ականները առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ «ինչքան լավ ճանաչես արմատներդ, այնքան պայծառ կլինի ապագադ»: Մեր զրուցակիցը նկատում է՝ դարեր շարունակ մեզ զրկել են մեր գիտությունից, մշակույթից եւ մեզնից գողացածը այլոք օգտագործել են իրենց պետությունների զարգացման եւ հզորացման հիմքում: Հայերին իրենց ակունքներից հեռացնելով, ըստ նրա, իրականացվում է մեկ մեծ նպատակ՝ ոչնչացնել հայ ազգին: Դրա դրսեւորումներից է նա համարում հայոց լեզուն աղավաղելը, Հայաստանում կրթության որակը ցածրացնելը եւ այլն:
Կարդացեք նաև
«Արորդիները» նախատեսում են ներկայիս քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալ: «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ թույլ չենք տալու, որպեսզի մեր երկիրը տանեն վերջնական կործանման»,- ասաց Սուսաննա Սարգսյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելուն: Թե ի՞նչ եղանակով կհասնեն իրենց նպատակին՝ դեռ շատ հստակ չէ, բայց ակտիվ հանդիպումներ են սկսել, որոնց ընթացքում քաղաքացիներին ներկայացնում են վերահաս վտանգները:
«Արորդիները» քաղաքական դաշտում համագործակից ուժեր առայժմ չեն տեսնում, այլապես նոր կուսակցություն չէին հիմնի, այլ կմիավորեին ուժերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ