Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլոյանի խորհրդականը հերքել է իր առնչությունը Բաքսի համակարգի ու կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքները

Ապրիլ 07,2022 23:40

ԱԻ նախկին նախարարի խորհրդականը հրաժարվում է ցուցմունք տալ

ԱԻ արդեն նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքով, ընդհանրապես հերքում է իրեն վերագրվող արարքները»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պաշտպանի խոսքով՝ մարտավարական նկատառումներից ելնելով՝ այս փուլում Աշոտ Հակոբյանը ձեռնպահ է մնացել ցուցմունքներ տալուց, պաշտպանական կողմը իրենց դիրքորոշումը ներկայացրել է վարույթ իրականացնող մարմնին, դատարանին:

Մեր հարցին, թե իր պաշտպանյալի դեմ ովքեր են ցուցմունքներ տվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ. «Գործում է նախնական քննության տվյալների անթույլատրելիության սկզբունքը, նախաքննության ներկա փուլում վարույթ իրականացնող մարմինը նույնպես պետք է այդ տվյալները հրապարակի, այս փուլում ինձ հայտնի չեն վկաներ, որոնք իմ պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել»:

Փաստաբան Հովհաննիսյանը չմեկնաբանեց իր պաշտպանյալի տանը զենքի, ռազմամթերքի հայտնաբերման փաստը, ասաց. «Ես չեմ մասնակցել խուզարկությանը, դրանից տեղեկություններ չունեմ…այս փուլում ապօրինի զենք պահելու համար մեղադրանք առաջադրված չէ, եթե առաջադրվի, մենք դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ առնչություն ունի իր պաշտպանյալը որպես կաշառք նախարար Փիլոյանին Բաքսի համակարգի փոխանցման հետ: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը հայտնել է, թե ոչ մի առնչություն չունի Բաքսիի հետ, հերքել է նաեւ այդ տեղեկությունը:

Աշոտ Հակոբյանը կալանավորված է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930