Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր կտեղափոխվի Գյումրու կենտրոնական բացօթյա շուկան․ փողոցային առևտուրն արգելվելու է

Ապրիլ 07,2022 19:50

Գյումրի քաղաքի տարածքում բացօթյա առևտուրը կասեցվելու է․ վաղն այդ թեմայով Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանրային բաց լսում է նշանակված։

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞ւր են տեղափոխելու Գյումրու բացօթյա շուկան, ի՞նչ են առաջարկում առևտրականներին։ Մենք նաև հիշեցրեցինք, որ փողոցային առևտրի դեմ պայքարը եղել է Գյումրու բոլոր իշխանությունների օրակարգում, սակայն այդպես էլ ձախողվել է․ առևտրականների հետ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Գյումրու փոխքաղաքապետն ասաց․ «Տարբեր ժամանակներում քաղաքային իշխանությունները ժամանակին համահունչ գործառույթներ են իրականացրել։ Եղել է ժամանակ, երբ մենք ունեցել ենք սոցիալական խնդիր և այդ պահին ճիշտ է եղել թույլատրել բացօթյա առևտուրը։ Այսինքն՝ քաղաքային իշխանությունը, արգելքներ չդնելով, սոցիալական խնդիր է լուծել քաղաքացիների համար, բայց ժամանակները փոխվել են։

Ինչո՞ւ է շուկայի հետ կապված որոշում կայացվել,որովհետև փոխվել է քաղաքի տեսլականը․ Գյումրիում սկսվել է տուրիստական բում։

2018, 2019, 2020 թվականներից հետո Գյումրիում տեսլականը փոխվեց․ Գյումրին տուրիստական քաղաք է դառնում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։ Այս պարագայում մոտեցումներն էլ են փոխվում։

Մեր առջև խնդիր է դրված շուկայի տարածքը մաքրել, ապօրինություններից վերացնել ,և սա միայն քաղաքապետարանի գործառույթը չէ։ Այս գործընթացի մեջ ներառված են նաև սննդի անվտանգության տեսչությունն ու ոստիկանությունը»։

Դավիթ Առուշանյանը վստահեցրեց, որ առևտրով զբաղվողներին այլընտրանքային շուկա են տրամադրելու։

«Մենք չենք ասում՝ պիտի դուրս գաք տարածքից ու վերջ։ Այս գործընթացը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներից, այսքան ժամանակ մենք այլընտրանքային տարածք էին սարքում մեր քաղաքացիների համար։

Այդ հատվածում երկու տարածք ունենք․ քաղաքապետարանի հայացքը ուղղված էր դեպի հին շուկան, բայց այն ունի սեփականատեր ու դրա վերանորոգումը տևելու է տարիներ։

Այլընտրանքը միկրոշուկայի տարածքն էր։ Հանդիպել ենք միկրոշուկայի սեփականատիրոջ հետ, հրավիրել ենք քաղաքապետարան, քաղաքապետի մոտ խորհրդակցություն եղավ։ Նրա հետ սկսեցինք երկար բանակցություններ։ 3 ամիս շարունակ քաղաքապետարանն այդտեղ համատեղ ծրագիր է իրականացնում, որպեսզի կարողանա այլընտրանք առաջարկել։

Եթե մարդուն այլընտրանք չառաջարկես, սոցիալական խնդիրներ են առաջանում։ Մեր նախագծողները գնացին այդ տարածք, հաշվարկներ արեցին, նախագծեր են արել, շուկայի սեփականատերը մեր տված նախագծով այնտեղ նոր տաղավարներ է կառուցում։ Մենք մեր պայմաններն ենք դրել, որ օրինակ՝ մի ամիս տաղավարները տրամադրվեն անվճար, առնվազն մի տարի վարձակալության արժեք չպիտի բարձրանա։

Իրավաբանորեն, այո՛, իր սեփական տարածքն է, իր սեփական բիզնեսն է, բայց ստացվում է քաղաքապետարանի հետ համատեղ ծրագիր, մենք ենք պայմաններ թելադրում, որ մի տարի գինը չպիտի բարձրացնես, տաղավարները պիտի լինեն միանման, գեղեցիկ, որպեսզի այն դառնա քաղաքի շուկան։ Քաղաքապետարանը սեփականատիրոջ հետ շուկա է սարքում»։

Փոխքաղաքապետն ասաց, որ իր մոտ է հրավիրել շուկայում առևտրով զբաղվող անձանց, զրուցել է նրանց հետ՝ խնդրելով մասնակից լինել այլընտրանքային շուկայի կառուցմանը, առաջարկներ անել, թե որ պայմաններն են ընդունելի, որոնք՝ անընդունելի։

«Կապրիզ, որ չենք ելնելու տարածքից և վե՛րջ, չի կարող լինել։ Ցելոֆանների մեջ պանիրը հատակին, հողերի մեջ կամ ասֆալտի վրա դրված չի կարող վաճառվել, կովի կաթը ոչ պաստերիզացված՝ պլաստմասից շշի մեջ, արևի տակ, անթույլատրելի է առողջությանը, ձուկն անթույլատրել է նման պայմաններում վաճառելը։

Հասկանալի է, եղել են սոցիալական խնդիրներ, հետպատերազմյան ու հետերկրաշարժյան վիճակ, բայց գալու է չէ՞ մի օր, որ կենտրոնական հրապարակը չունենա Շահումյանի արձանի ձեռքից թելով կախված կապույտ բրեզենտ։ Ու դա հրապարակում։

Ու դա զբոսաշրջային քաղաքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկան Գյումրի, ՌԴ-ի քաղաքացիները եկան ու տեսան այն, ինչ ունի Գյումրին․ միջուկ, պատմամշակութային արգելոց ու զբոսաշրջային քաղաք։ Երևանում զբոսաշրջիկը չի զարմանա, իսկ մեր քաղաքում զարմանում է։

Եկեք ամբողջ քաղաքով հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ զբոսաշրջային գեղեցիկ քաղաք ողջ Հայաստանի և աշխարհի համար, թե՞ ունենանք մեծ շուկա»,-հարցնում է Դավիթ Առուշանյանը

Մեր ճշտող հարցին, թե սոցիալապես չեն տուժի՞ առևտրով զբաղվող անձինք, փոխքաղաքապետը պատասխանեց, որ եկամուտ ունենալը կախված կլինի թե՛ շուկայի սեփականատիրոջ և թե՛ առևտուր անող անձանց աշխատանքից․ ճիշտ աշխատելու դեպքում ավելի շատ եկամուտ են ունենալու։

«Այն միֆը, որ իրենք այնտեղ անվճար են կանգնած, իրականում այդպես չէ․ կան մարդիկ, որոնք անվճար ենք կանգնած, կան մարդիկ, որոնք գումար են վճարում՝ 1500, 2000, 3000 դրամ՝ հետևի խանութի սեկանատիրոջը կամ ինչ-որ մեկի տան մոտ են կանգնած, տան տիրոջը։

Այստեղ մենք համատեղ հաշվարկել ենք ու ստացել ենք նվազագույն արժեքը՝ մեկ մետրի համար 300 դրամ, եթե լավաշ կամ կանաչի վաճառողը վերցնելու է մեկ մետր տաղավար, ինքն օրական կվճարի 300 դրամ, իսկ այնտեղ 1000, 1500, 2000 դրամ է վճարում։

Էլի եմ կրկնում՝ կան մարդիկ, որոնք անվճար են կանգնած, բայց չեմ կարծում, թե 300 դրամը շատ մեծ գումար է, երբ մի դաստա կանաչին արդեն 300 դրամ է դարձել։ Մեծ գումար չի կազմում, որ քննադատեն, թե մարդկանց տանում, հավելյալ բեռ ենք ավելացնում։ Քաղաքում շուկա չունենք, ընդհանրապես չկա այդ մշակույթը։ Բայց եթե լուրջ շուկա կառուցենք, զբոսաշրջիկն էլ այնտեղից առևտուր կանի։

Եթե ընդհանուր համախմբված մեկտեղ շուկա ենք ունենում, գյումրեցին, որը շուկա գնալու ավանդույթ է ունեցել, միանշանակ գնալու է այդ շուկան, բայց կգնա այն ժամանակ, երբ քաշի մեջ չեն խաբի, երբ սանիտարահիգենիկ պայմանները կհամապատասխանեն, երբ որ մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենը կվերահսկի Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Գյումրեցին ունեցել է շուկա գնալու ավանդույթ, երբ փոքր էի, պապիկս կամ հայրիկիս ձեռքը բռնած շուկա գնալն կարծես ռետաուլ լիներ քաղաքի համար, հիմա մենք չունենք այդ ամենը»։

Դավիթ Առուշանյանի համոզմամբ, շուկան պիտի գրավիչ վայր դարձնել զբոսաշրջիկների համար․ Եվրոպական քաղաքներում հենց այդպես է։

Գյումրու հին շուկան հատկացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, սակայն նրանք ցանկություն ունեն այնտեղ թե՛ շուկա և թե՛ խոհարարական դպրոց հիմնելու։

Նրանք, ըստ փոխքաղաքապետի, մտադրված են այնտեղ կառուցել զբոսաշրջային շուկա՝ սրճարաններ, տաղավարներ, ինչպես Բարսելոնայում է։

Այն զբոսաշրջային անկյուն է լինելու։ Դավիթ Առուշանյանի փաստմամբ՝ նախագիծը Գյումրու քաղաքապետարանում դեռ հաստատված չէ, այլ ծրագիր է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930