Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Պուտինի յախտայի նման մի յախտա էլ տան, դա չի լինի հումանիտար օգնություն, վերմիշելը չի հումանիտար օգնությունը». նստացույց՝ ՄԱԿ-ի մոտ

Ապրիլ 07,2022 18:55

«Ամբողջ գիշեր մտածել եմ՝ գրե՞լ կառավարությանը նամակ, թե՞ ոչ, վերջը եկա այն եզրակացության, որ պետք չի գրել, ձայն բարբառոյ հանապատի»,- այսօր կառավարության մոտ Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

Հիշեցնենք, որ Արցախից տեղահանվածներն այսօր կառավարության մոտ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով իրենց վերադարձնել իրենց հայրենիք՝ Շուշի, Հադրութ, եւ վերադարձնել Արցախը: Հաջորդ պահանջը իրենց՝ փախստականի կարգավիճակ տալն է:

Հայրյանը թվարկեց, թե որ գերատեսչություններին են դիմել ու ինչ պատասխան են ստացել. «Գնացել ենք միգրացիայի վարչություն, այնտեղից ասել են՝ գնացեք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ փախստականների հարցերով: Մենք այնքան խելք ունեինք, որ հասկանայինք՝ սոցապնախարարությունը քաղաքական հարց լուծող չի, դիմեցինք ԱԳՆ-ին: Պատասխանեցին՝ ձեր հարցերով մենք չենք կարող զբաղվել: Դիմել ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի դեսպանատներին: ՌԴ դեսպանատնից 0 պատասխան է եղել: ԱՄՆ դեսպանատնից մի անգամ Zoom-ով հանդիպում ենք անցկացրել, մեծ հուզմունքով մեզ լսել են, ասել են՝ կզբաղվենք ձեր հարցով, բայց չեն արել: Ֆրանսիայի դեսպանատնից դուրս են եկել, հանդիպել են: Սպասում ենք հանդիպման: ՄԱԿ-ին մի քանի անգամ դիմել ենք, ամեն անգամ մեզ փորձում են աջակցել տնտեսական, սոցիալական հարցերով, երբ ասում ենք՝ քաղաքական լուծում պետք է մեր հարցերը ստանան, մեզ ՄԱԿ-ը ասում է, որ մենք զբաղվում ենք մարդասիրական, հումանիտար հարցերով: Մենք էլ փորձում ենք ՄԱԿ-ին հասկացնել, որ իսկական հումանիտար լուծումը այն է, որ ինձ տանեն մեր գյուղը, այնտեղ իմ տնկած ծառի տակ նստեմ, մարդիկ մեծացնեմ: Եթե ինձ տանեն Սենեգալ, մի մեծ վիլլա էլ տան, եթե Պուտինի յախտայի նման մի յախտա էլ տան, դա չի լինի հումանիտար օգնություն, հումանիտար օգնությունն այն է, որ մարդը իր զավակին մեծացնի իր օջախում: Վերմիշելը չի հումանիտար օգնությունը, ուզում են մեր գլուխը յուղեն, որ վերմիշելով, փողով կարող են հարցեր լուծել: Հումանիտար օգնությունը իմ հասկացողությամբ այն է, որ մարդը ապրի այնտեղ, որտեղ ուզում է ու չհայրենազրկվի՝ քաղաքական խաղերի պատճառով»:

Այսօր Արցախից տեղահանվածները ՄԱԿ-ի առաջ նստացույց իրականացրեցին ու պահանջեցին հանդիպում:

Նրանք դժգոհեցին. «Ասում են՝ սահմանազատում, որ Արցախի վերջին փշրանքներն էլ մատուցեն Ադրբեջանի՞ն»: Լեւոն Հայրյանը բողոքողներին ասաց. «Շատերդ եք հարցնում՝ Ղարաբաղի հարցը ինչ է լինելու, ոնց է լինելու: Եթե թողնեք մեր իշխանություններին, շատ վատ է լինելու Ղարաբաղի վիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930