ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի և մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման և դիմահարդարման դիմաց: Այսինքն՝ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը և դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչև 35.000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման, դիակների բալզամացիայի, դիակների հուղարկավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն:
ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված՝ նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի և աշխատակիցների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարևոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները:
Կարդացեք նաև
Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ՝ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում և իրականացվում վճարումները, ում կողմից է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը և վճարների գանձումը և այլն: Պարզ չէ նաև, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները:
Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեև ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -15° -25° C ջերմաստիճան, հերձարանում և նախահերձարանում դիակների պահման սենյակի և սանհանգույցի պատերը մինչև առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որևէ իրավական ակտ առկա չէ:
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնականում առնչվում է ոլորտային նշված հիմնահարցերի չկարգավորվածությունից բխող կոռուպցիոն ռիսկերի, իսկ դիակների պահպանության պարտադիր պայմանների սահմանումը և տեխնիկական հնարավորությունների առկայությունը խիստ կարևոր է, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին:
Դրանցով բարձրացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման և հավելյալ վճարովի ծառայությունների մատուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու և հնարավոր հանցավոր չարաշահումների տեղիք տվող կարգավորումների անորոշությունները վերացնելու նպատակով սահմանել ինչպես ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս դիահերձման գործընթացում կոնկրետ գործառույթների համակցությամբ պարտավորությունների, այնպես էլ հավելյալ վճարովի ծառայությունների, դրանց տեսակների, վճարների չափերի վերաբերյալ համապատասխան կարգեր:
Բացի այդ, կարևորվել է դիակների պատշաճ պահպանման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դրանց պահպանությունն իրականացնելու պարտավորության համապատասխան կարգի սահմանման, ՊՈԱԿ-ը դիակների պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և այլ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը:
ՀՀ գլխավոր դատախազություն