Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը՝ գյուղացիներին․ «Որքան շատ հող մշակեն, այնքան շատ օգուտ կունենան․ բերքը լավ գնով կվաճառվի»

Ապրիլ 07,2022 16:53

Հայաստանում սերմնացուի դեֆիցիտի վտանգներ կային, սակայն ՌԴ գործընկերների հետ հաջողվել է այս պահին չեզոքացնել վտանգները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նաեւ նշեց, որ այնպես չէ, որ վտանգ նորից չլինի․ «Անցյալ տարի ապրիլի սկզբին նորից Լարսի լեռնանցքը փակվել էր եւ գարնանացանի սերմնացուի մի մասը տեղ չհասավ։ Քանի դեռ Հայաստանում չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհների հարցը, այդ ռիսկը միշտ կա»։

Քերոբյանը հիշեցրեց՝ կառավարությունը երկու շաբաթ առաջ հաստատել էր լաստանավային փոխադրման մասին ծրագիրը, դրա երկրորդ փուլը կհաստատվի, ըստ նախարարի, մոտ մեկ շաբաթից, այսինքն, վերջնականապես կհաստատվի․ «Այդ պարագայում ռիսկերն ավելի քիչ կլինեն»։

Անասնակերի եւ թռչնակերի դեֆիցիտի մասին հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց․ «Այդ խնդիրը կա եւ դա մեզ անհանգստացնում է։ Այս պահին միջանկյալ լուծումները տրված են, կերային կուլտուրաները ներմուծվում են հիմնականում ՌԴ-ից։ Մյուս շաբաթ գործուղման եմ լինելու ՌԴ, որտեղ արդեն առարկայական լուծումներ կտանք եւ այնպես կանենք, որ այդ մասով որեւէ խնդիր չլինի»։

Քերոբյանի ներկայացմամբ՝ այսօր գլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգությունն է, նա գյուղացիներին կոչ արեց որքան հնարավոր է մեծ ծավալի հողատարածք մշակել, եւ վստահեցրեց՝ այդ դեպքում գյուղացու արտադրանքը անպայման լավ գնով կվաճառվի․ «Որովհետեւ այն դեֆիցիտը, որ կա միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար բերքի վաճառքի գինը լավն է լինելու։ Որքան շատ մշակեն, այնքան շատ օգուտ կունենան»։

Դիտարկմանը՝ գարնանացանի սուբսիդավորում չի տրամադրվել, նախարարը պատասխանեց՝ գարնանացանն այն գործընթացը չէ, որը շատ տեղերում վերջում եկամտաբեր է ստացվում․ «Մենք սուբսիդավորում ենք գարնանացանը, իրենք ցանում են, մշակում են, գոհ են կառավարությունից, բայց վերջում արդյունք չկա։ Ու տարեցտարի նույնն է լինում, որովհետեւ գլոբալ տաքացման հետեւանքով տեղումների քանակն ամռան ընթացքում կտրուկ նվազել է, անցած տարի ՀՀ ու միջին ջերմաստիճանը 2,5 աստիճանով ավելի բարձր է եղել նորմայից եւ դրա պատճառով գյուղացիները վնասներ են կրել։ Ես այն մարդը չեմ, որ ստիպեմ գյուղացիներին անել մի բան, որն իրենց համար լինելու է վնասաբեր։ Հակառակը, ուզում ենք գյուղացիներին ուղղել այնպիսի գյուղատնտեսական ակտիվության, որի արդյունքում գյուղացիների տնօրինվող եկամուտը կմեծանա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930