Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում:
Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:
Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում և հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը՝ միասնական քննությունների հանձնում:
Կարդացեք նաև
Ինչպես նախորդ տարիներին, նոր կարգավորմամբ նույնպես, միասնական քննություններ տեղի կունենան նաև ամռանը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ամռանը քննություններ հանձնելու համար տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտողները, ինչպես նաև նախորդ տարիների շրջանավարտները պետք է իրականացնեն քննական առարկաների առցանց հայտագրում:
Օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտածները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները քննական առարկաների առցանց հայտագրում կարող են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը:
Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ