Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի կողմից դատավարական իրավական նորմի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է դիտավորությամբ». Գագիկ Հարությունյանը՝ Արտուշ Գաբրիելյանի մասին

Ապրիլ 07,2022 16:42

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2021-ի ապրիլի 30-ի որոշմամբ թույլ է տվել քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտում»,- հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Գագիկ Հարությունյանը մանրամասնեց. «Քննության առնելով մեղադրյալի կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ դատավորը որոշել է մերժել այն՝ վերջինիս՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, սխալ է մեկնաբանել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը. մեկնաբանել է մինչև 2019-ի դեկտեմբերի 14-ը եղած խմբագրությամբ: Ուստի հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման, արդյունքում չի քննել կալանավորման հիմքերի առկայության հարցը»:

Գագիկ Հարությունյանի պնդմամբ՝ եթե դատավորն առաջնորդվեր քրեական օրենսգրքի գործող խմբագրությամբ և մեղադրյալի խափանման միջոցի հարցը քններ, ապա չէր կարող չառաջանալ դրա անհրաժեշտությունը: Դատավորի կողմից դատավարական իրավական նորմի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է դիտավորությամբ, ուստի ղեկավարվելով համապատասխան իրավադրույթներով՝ նախարարը որոշել է նման միջնորդություն ներկայացնել»:

ԲԴԽ անդամները հետաքրքրվեցին՝ կարծում են դատավորը դիտավորությա՞մբ է նման որոշում կայացրել, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Դիտավորությունը պայմանավորում ենք հոդվածի ձևակերպման ակնհայտությամբ»:

ԲԴԽ անդամները նաև հարցրին՝ եթե դատավորը օրենքը նոր խմբագրությամբ մեկնաբաներ, նման որոշում կկայացնե՞ր, Գագիկ Հարությունյանն այս առիթով ասաց. «Դատավորի որոշման վրա ազդել է գործող օրենսդրությունը չկիրառելը, չմեկնաբանելը այնպես, ինչպես պետք էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930