Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք կրթության ոլորտին վերաբերվող հակակոռուպցիոն ռազմավարություն». Ավետիք Մեջլումյան

Ապրիլ 07,2022 16:31

«Մեր հետազոտությունը նվիրված էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) առաջարկությունների կատարմանը: 2018թ հուլիսին ՏՀԶԿ-ն 4-րդ փուլի 4 շրջանի զեկույց էր պատրաստել, որտեղ Հայաստանին ներկայացվել էին տարբեր ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ: Այդ ուղղություններից մեկն էլ բարձրագույն կրթության ոլորտն էր, որտեղ 5 բլոկ առաջարկություններ են` իրենց 16 կետերով: Մենք անդրադարձել ենք 16 առաջարկությունների կատարման գնահատմանը»,-«Մեդիա կենտրոնում» ասաց Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը:

Ինչ վերաբերվում է Հակակոռուպցիոն քաղաքականությանը` ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում, Մեջլումյանի խոսքով. «Հետազոտությունը ցույց տվեց, որ 2018թ.-ից հետո չունենք կրթության ոլորտին վերաբերվող հակակոռուպցիոն ռազմավարություն: Իսկ եղած ռազմավարությունն էլ ընդունվել էր 2015-ին եւ ծածկում էր մինչեւ 2018թ ժամանակահատվածը: Ընդ որում, հետաքրքիր մի բան կար. բարձրագույն կրթությանը եւ ընդհանրապես կրթությանը վերաբերվող միջոցառումները իրականացվել են շատ կարճ ժամանակահատվածում. մոտ 3 տարի` 2015-17թթ գնում էր նախապատրաստական շրջանը: 2018թ հունվարին նոր միայն հաստատվեց միջոցառումների պլանը կրթության ոլորտի համար, որն էլ ավարտվեց 2018-ի դեկտեմբերին:

Այսինքն, դրանից հետո մինչ օրս չունենք ոլորտային ռազմավարություն, ինչը մեծ խնդիր է իրենից բխող հետեւանքներով: Ինչ վերաբերում է այդ միջոցառումների կատարմանը, կա կառավարության հովանու ներքո գործող կայք, որտեղ ներկայացված են ցուցիչները, թե որ ուղղությամբ ուր ենք հասել, սակայն շատ դժվար է այդ ցուցիչներից ամբողջական պատկեր ստանալ, թե ընդհանրապես ինչ առաջընթաց կա, որովհետեւ դրանք հիմնականում քանակական բնութագրիչներում են եւ որակական պատկերացում չեն տալիս ռեալ կատարվածի մասին»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Արփի Պողոսյանն էլ շեշտեց, որ հակակոռուպցիոն բառը ենթատեքստ ունի, ու առաջին արձագանքը վերաբերվում է գումարային փոխհարաբերություններին: Առանց բուհի անուն նշելու` նա մի օրինակ բերեց իր եւ մի պրոռեկտորի զրույցից. «Երբ խոսում էինք մի պրոռեկտորի հետ, նա նշում էր, որ անգամ կուլիսներում չի հանդիպել, որ մեկը մյուսին գումար տա, բայց դրսում հաճախ է լսել նման բաների մասին: Կան դեպքեր, երբ դասախոսներն իրենց գրքերն են առաջարկում ուսանողներին, փաստորեն վաճառում են: Պրոռեկտորը նշել էր, որ գուցե դա իրենց համալսարանում դիտարկվի որպես կոռուպցիայի որոշակի դրսեւորում: Միեւնույն ժամանակ ասել էր, որ իրենց համալսարանի ռազմավարության մեջ դեռեւս 2012թ-ից հակակոռուպցիոն բլոկ կա, սակայն չի հստակեցվում ոչինչ»: Արփի Պողոսյանի խոսքով, սա արդեն իսկ ցուցիչ կոռուպցիային եւ դրա հետեւանքներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930