Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին անհրաժեշտ ռազմական զորության ձևավորման մասին»

Ապրիլ 07,2022 14:58

Արդի աշխարհաքաղաքական խորքային տեղաշարժերի համատեքստում ոչ մի երկիր չի լինելու Հայության և Հայաստանի անվտանգության երաշխավորը: Հայաստանի հետխորհրդային անվտանգային ճարտարապետությունը, ինչի հիմքում ընկած էր պատրանքը, որ մեր անվտանգային հիմնախնդիրները հնարավոր է մասնակի պատվիրակել այլ տերության, սին էր, ինչպես ցույց տվեց Արցախյան պատերազմի երկրորդ փուլը։ Մենք այլ տարբերակ չունենք, քան Հայաստանի անվտանգության և պաշտպանության ինքնուրույն ապահովումը։

Կեղծ և հակապետական են այն պնդումները, թե Հայաստանը թույլ է ու անկարող՝ ապահովելու իր անվտանգությունը։ Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են փոքր երկրները հաջողությամբ դիմագրավում իրենցից ավելի հզոր հարևանների ռազմական ներխուժումներին (Ֆինլանդիա, Իսրայել, Ուկրաինա)։ Գոյություն ունեն վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համակցված քաղաքական-կազմակերպչական-ռազմական եղանակներ։ Հայաստանի պարագայում, անվտանգային-ռազմական նոր գործուն համակարգի ձևավորումը և դրա շուրջ Հայության համախմբումը, հնարավոր է իրականացնել միմիայն «ազգ-բանակ» ձևաչափի արդյունավետ կիրարկման միջոցով։ Պետությանը և բնակչությանը համազգային/տոտալ պատերազմին նախապատրաստումը պետք է դառնա պետական քաղաքականության անայլընտրանք գերակայություն։

Վերոնշյալ քաղաքականության հիմնական տիրույթներն են՝

Ա) Բանակ, որն ի վիճակի կլինի պաշտպանել Հայաստանը թուրքական ուղղությունից, իսկ ադրբեջանական ուղղությամբ կվերականգնի առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 26-ի սահմանը։

●          Պատերազմի նոր (ցանցակենտրոն/մանևրային) հայեցակարգի որդեգրում:

●          Ռազմավարական, օպերացիոնալ և մարտավարական մակարդակներում ՀՀ զինված ուժերի կառավարելիության բարձրացմանն ուղղված նոր կազմակերպչական-կառուցվածքային մոդելների ներդրում:

●          Ստորաբաժանումների և առանձին զինվորի մարտունակության ու կրակային հզորությունների շարունակական բարձրացում:

●          Ռազմական կրթահամակարգի վերափոխում։

●          Զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի բարձրացում՝ հոգեբանի ինստիտուտի կատարելագործում։

●          Կադրերի առաջխաղացման մերիտոկրատական համակարգի կիրառում և ենթակայության ուղղահայացի խնդիրների կարգավորում։

●          Պատերազմի վարման նոր եղանակներին և մեթոդներին համարժեք տեխնոլոգիաների ու զորատեսակների ներդրում, ինչպես նաև զինտեխնիկայի և հանդերձանքի համալրում։

●          Զինծառայողների սոցիալական բարձր մակարդակի ապահովում։

Բ) Պահեստազոր, որը սահմանված ժամկետում անհրաժեշտ մարդուժով կլրացնի բանակի շարքերը։

●          Պահեստազորի մասնագիտական մարդուժի վերահաշվառում։

●          ՀՀ զինված ուժերի արագ լրահամալրման արդյունավետ մեխանիզմների ներդրում և պարբերական կիրարկում.

1.Միևնույն ստորաբաժանման կազմում տարեկան 2-3 շաբաթանոց վարժական-մասնագիտական իրական հավաքների մասնակցություն։

2.Պահեստազորայինը պատերազմի ժամանակ նախապես կիմանա ծառայության զորամասը, զինվորական պաշտոնը, մարտական խնդիրների շրջանակը, հրամանատարներին և ծառայակիցներին, ինչպես նաև հրամանատարներն էլ կիմանան լրահամալրողներին և նրանց տվյալները:

3.Այս մեխանիզմով տարեկան մի քանի տասնյակ հազար պահեստազորային կմարզվեն, նրանց զինվորական մասնագիտական հմտությունները պատշաճ մակարդակի վրա կպահվեն։

Գ) Աշխարհազոր, որը կներառի զինված ուժերում և պահեստազորում չընդգրկված Հայաստանի բնակչության արական սեռի ներկայացուցիչներին (որոշ բացառություններով՝ առողջական խնդիրներ և այլն)։

●       Խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի հավաքագրման, ենթակայության և ղեկավարման մեխանիզմների անհապաղ ներդրում ու գործարկում։

●       Աշխարհազորայինների անվանացուցակների կազմում, գումարտակների և բրիգադների ձևավորում։

●       Մարտական խնդիրների առաջադրմանն ու դրանց լուծման նպատակով վարժանքների և պարապմունքների անցկացում։

●       Աշխարհազորայիններին զենքի ամրակցում, համազգեստի հատկացում և սննդով ապահովում։

●       Բանակի ու ոստիկանության հետ համատեղ աշխարհազորի տարբեր ստորաբաժանումների մարտականին մոտ պայմաններում վարժանքների անցկացում։

Դ) Երկիր-ամրոց, որը Հայաստանի տարածքը կնախապատրաստի հնարավոր պատերազմի։

●          Ռազմական ամրությունների համակարգի ստեղծում։

●          Տրանսպորտային երկրորդական ուղիների զարգացում։

●          Նյութական միջոցների պահեստների ապակենտրոնացված ցանցի ստեղծում։

●          Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների արդիականացում։

●          Կապի և կառավարման պաշտպանված համակարգի ձևավորում։

●          Բուժական հաստատությունների և էներգաապահովման համակարգերի նախապատրաստում։

●          Ռազմավարական օբյեկտների պահպանության ամրապնդում։

●          Մարդուժի փոխադրման համապատասխան եղանակների և համարժեք միջոցների ներդրում (հաշվի առնելով 44-օրյա պատերազմի տապալման փորձը)։

●          Քաղաքացիական պաշտպանության շարունակական պարապմունքների անցկացում։

●          Հայաստանի բնակչության համատարած զինում։

●          Ամբողջ երկրում հրաձգարանների կառուցում։

Ե) Նախազորակոչային պատրաստության համակարգ, որը կբարձրացնի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, կբարելավի զորակոչիկների բարոյահոգեբանական և ռազմաֆիզիկական որակները, կօգնի զորակոչիկներին հաղթահարել հոգեբանական սթրեսը, կնվազեցնի պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափողների քանակը։

●          Զինված ուժերի հովանու ներքո նախաբանակային կրթության 100-ավոր ակումբներից բաղկացած ռազմականացված համակարգի ձևավորում։

●          Նշյալ ակումբներում նախազորակոչային տարիքի 14-18 տարեկան երիտասարդների ընդհանուր կրթական և ռազմական պատրաստվածության, այդ թվում նաև մի շարք ռազմական մասնագիտություններով նախնական պատրաստության հատուկ դասընթացների անցկացում։

●          Ամենամյա ռազմահայրենասիրական միջոցառումներին մեծաքանակ նախազորակոչիկների մասնակցություն (ներառելու են ռազմա-մարզական մրցումներ, ճամբարային հավաքներ և զորախաղեր` ռազմակիրառական, ֆիզիկական և լեռնային պատրաստության հիմունքների վերաբերյալ)։

Սույն փաստաթղթում ներառված բոլոր սկզբունքներն ու գործողությունները հնարավոր է իրականացնել բացառապես մեկ պարագայում, եթե Հայաստանում իշխանության գան ազգայնական ուժերը։

Արա ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930