Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Վարդանյանի ասածից ստացվում է, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից»․ Արամ Վարդեւանյան

Ապրիլ 07,2022 13:38

«Անգամ ամենալավատես մարդու մոտ մինչեւ երեկ հայտնի կառավարության դիրքորոշումներն առաջացնում են բացասական սցենարի ակնկալիք։ Ասել, որ տեղի ունեցան ամենաբացասական սցենարները՝ ոչ․․․դա կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը։

«Հանգամանքներից կարող են լինել այս կարճ ժամանակում տեղի ունեցած քաղաքական գործընթացները ՀՀ-ի ներսում եւ Արցախում՝ ԱԺ-ի արձագանքի տեսքով»,-կարծիք հայտնեց Արամ Վարդեւանյանը։ Նրա բնորոշմամբ՝ նշյալ հանդիպման արդյունքներն ամփոփող  հայտարարությունը «մասշտաբային թերություններ» ունի․ «Դրանում Արցախ բառը հիշատակված չէ։ Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ այս իշխանությունը խոսում է Արցախում հումանիտար աղետի մասին, բայց ոչ մի բառ չի հիշատակվում այդ չորս ժամ տեւած քննարկման հայտարարությունում։ Խոսք չկա նաեւ այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտում է։ Չկա, որովհետեւ ՀՀ իշխանությունը դա չի պահանջել, չի պնդել»։

Պատգամավորը շեշտեց՝ կրկին փաստվել է սահմանագծման եւ սահմանազատման մասին, սակայն Արցախի շուրջ ունեցած իրավիճակը թույլ չի տալիս այդ մասին խոսել․ «Սահմանազատման ու սահմանագծման ենք գնում մի երկրի հետ, որն էթնիկ զտում է անո՞ւմ Արցախում, գազ է անջատո՞ւմ։ Զինված գործողություններ է անում Արցախում։ Մի՞թե իշխանությունը չի նկատում, որ օրեր առաջ զոհեր ունեցանք, նման պայմաններում ի՞նչ սահմանազատում կամ սահմանագծում»։

Նկատառման հետ, թե չբանակցելու այլընտրանքը կստացվի պատերազմ, Արամ Վարդեւանյանը չհամաձայնեց․ «Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չէ։ Չի կարելի ՀՀ-ի ներսում անհասկանալի վախի քաղաքականություն վարել։ Չկա նման բան։ Պատերազմի հնարավորության հանգամանքը չի նշանակում, թե պետք է գնաս ու քեզ ամեն ձեւ կզած պահես»։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը նախորդիվ եզակի ճշմարիտ հայտարարություն էր արել՝ շեշտելով, ար Արցախի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, սակայն բրյուսելյան հանդիպման հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի մասին խոսք չկա․ «Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ չունեն։ Ես դրական բան չեմ տեսնում, այլ անհանգստություն եմ տեսնում։ Ո՞ւմ հետ ենք բանակցում։ Հանուն ինչի՞։ Ո՞նց կարելի է խոսել հումանիտար աղետի մասին եւ հայտարարությունում ոչ մի բառ չներառել այդ մասին»։

Լսելով լրագրողի մեջբերումը, որ ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ հարցերը պետք է տարանջատել, եւ կողմերը խոսել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին, Արամ Վարդեւանյանը զարմացավ․ «Այսի՞նքն։ Ինչի ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավո՞րը չէ։ Պարոն Վարդանյանի ասածից ստացվում է, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Արցախում զինված գործողություններ են լինում, իսկ ՀՀ-ից ոչ մի պաշտոնյա չի գնում Արցախ։ ՀՀ իշխանությունն Արցախում ի՞նչ է անում․․․թե ոչ մի բան չի էլ անում։ Գնում են Ալիեւի հետ բանակցելու եւ Արցախի մասին չե՞ն խոսում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930