Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդգար Էլբակյանը եռակողմ հանդիպման մասին. «Դա հարվածում է բուն հայկական շահերին եւ քաղաքական հարված է Ռուսաստանի թիկունքին»

Ապրիլ 07,2022 13:12

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայելի» ակումբում խոսել է երեկ Բրյուսելում կայացած Շարլ Միշել-Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին: «Այս ամենը տեղի է ունենում քաղաքական արեւմուտքի քավորությամբ: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է իմանանք, թե ինչ արտաքին ազդեցություն կա մեր վրա, եթե Ամերիկա չես, Ռուսաստան չես: Այսինքն, առաջին պլան է գալիս, թե «մեծերից» ում շահերն են համընկնում կամ հակասում:

Այստեղ պետք է հասկանանք, որ սա արվեց Արեւմուտքի կողմից, արվեց այն պահին, երբ Ռուսաստանը, մեղմ ասած, զբաղված է Ուկրաինայով: Ու նաեւ փաստացի Արեւմուտքը Մինսկի խմբի համանախագահության մեջ ունենալով քանակական առավելություն՝ 2/1, ինքը հենց իր ձեռքով նաեւ ադրբեջանցիների շահերին ընդառաջ գնալով՝ այդ ձեւաչափը թաղեց: Դա հարվածում է բուն հայկական շահերին եւ քաղաքական հարված է Ռուսաստանի թիկունքին:

Եթե նայենք հայտարարության հենց առաջին նախադասությունը, այնտեղ գրված է. այդ երեքը հանդիպեցին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրադրությունը եւ ԵՄ-ի կապերի խորացումը այդ տարածաշրջանի հետ: Իրենք անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար չեն հավաքվել: Սա շատ պարզ է, որովհետեւ քաղաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ սրանց ստվերի տակ Գերմանիա կոչվածը, այս տարածաշրջանը միշտ էլ դիտարկել են որպես ընդհանրական, դիտարկել են, որ այն այս կամ այն չափով ռուսական ազդեցության գոտի է, մանավանդ, Հայաստանը: Դրա համար ամեն ինչ արել են, որ այդ երկրները ինչքան կարող են, հանեն ռուսական ազդեցությունից: Պարզ է՝ ամենաարագը ստացվել է Վրաստանում: Ադրբեջանի դեպքը մի քիչ այլ է եղել, որովհետեւ այնտեղ նավթ կա եւ այնտեղ ավելի հեշտ է եղել հավասարակշռել: Ու դրա համար է այսօր նրա ուժը, ցավոք սրտի, այսքան աճել: Հայաստանում էլ տեսնում ենք: Արեւմուտքը 1998-ին շատ ակտիվ աջակցեց այն ուժին, իշխանությանը, որը, թվում էր, թե ավարտված էր: Այդ մարդը հրաժարական տվեց, թվում էր, թե իրենց տնտեսական հիմքերը ահագին ջարդվեցին իրենց ունեցած օլիգարխներով, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո նորերը եկան եւ հներին հաղթեցին, սակայն իրականում այդ հների գաղափարախոսական ազդեցությունը մնաց: Ու Արեւմոււտքը հենց դրա վրա էր խաղադրույք կատարում:

Երբ մենք ասում ենք, թե անընդհատ համոզել են, որ եթե Արցախը չհանձնենք, լավ չենք ապրի, ի՞նչ են հարցնում մեր ընդդիմախոսները: Ասում են, բայց չէ՞ որ 2017-ին ձեր ասած այդ մարդիկ՝ նկատի ունենալով ՀԱԿ-ին, 2 % էլ չհավաքեցին: Այո, ճիշտ է: Բայց երբ քաղաքագիտական վերլուծություն ենք անում, քանակականից զատ, պետք է որակական կողմն էլ նայենք: Այո, քանակով իրենք քիչ էին, բայց մեծ հաշվով դաշտում հենց իրենց դիսկուրսն էր՝, ինչպես ես հաճախ եմ ասում, կամ կալբաս, կամ Ղարաբաղ: Սա է, ընտրեք: Իրենք այդ խաղը թելադրել էին: Իրենք միշտ ունեցել են արեւմտյան աշխարհի այդ լիբերալ մոտեցումը, թե սա 21-րդ դարն է: Մենք ասում ենք՝ արժանապատիվ պայքար հայ մնալու համար, իրենք ասում են՝ ինչի՞ համար, կարելի է ուղղակի ֆիզիկապես պահպանվել, դառնալ թուրք ու ֆիզիկապես բան չլինի, ասում են՝ եթե Արեւմտյան Հայաստանի հայերն էլ ինքնապաշտպանության, ազատագրման ոչ մի փորձ չանեին, ֆիզիկապես չէին ոչնչացվի, բայց ժամանակի ընթացքում թուրք կդառնային: Նրանց գաղափարախոսությունը անհատականի տոտալ գերիշխումն է կոլեկտիվի հանդեպ:

Ես դրա համար եմ անընդհատ Արեւմուտքի անունը շեշտում, որովհետեւ Արեւմուտքի գաղափարախոսությունն է, թե անհատն է գերագույն արժեք: Դրա համար էլ այսօր արդեն Սյունիքն է վտանգի տակ:

Մենք հիմա զարմանում ենք, թե մարդիկ ինչու փողոց դուրս չեն գալիս: Որովհետեւ դեռ 1991-ից երկիրը այդ հիմքի՝ անհատապաշտության, վրա են կառուցել: Այ, հիմա եկեք քանակով չափենք. Քանի՞ անհատ է ապրում Սյունիքից դուրս, եւ ինչքա՞ն՝ Սյունիքում: Սյունիքից դուրս ապրողներն ավելի շատ են: Այսինքն, եթե հիմքը անհատականն է, ապա »моя хата с краю» մտածելակերպն է աշխատում«,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930