Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցերը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին էին»․ ՔՊ-ի պատգամավորի բացատրությունը, թե ինչու Բրյուսելում Ադրբեջանի քայլերը չդատապարտվեցին

Ապրիլ 07,2022 13:08

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվելու։ Դեռ վաղ է խոսել հստակությունների մասին, բայց կարծես թե ընդհանուր ցանկություն կա գնալ բանակցությունների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում անգամ Արցախ բառը չկա, Վարդանյանը պնդեց՝ բազում հայտարարություններում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը․ «Սա հարց է, որը կարգավորվելու է՝ ելնելով ժողովրդի իրավունքների իրագործումից։ Խոսքը գնացել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների եւ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման, վստահության մթնոլորտի ձեւավորման մասին»։

Լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանը նախապայմաններով է խոսում եւ հինգ կետեր առաջ քաշում։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ բանակցություններում կարեւոր է ճկունությունը․ «ՀՀ-ն պատասխան առաջարկներ ունի, եւ գործընթացը շարունակվելու է»։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայտարարության մեջ չկա հիշատակում Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժումների մասին, Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ դիվանագիտության մեջ միշտ չէ, որ պատասխանները հնարավոր է գտնել տեքստերում․ «Տողերի արանքում գրածն էլ հաշվի առեք։ Երբ խոսվում է փոխվստահության մասին, սա ենթադրում է որոշակի միջոցառումներ, որոնք հետո հնարավորություն կտան խուսափել միջադեպերից»։

Վլադիմիր Վարդանյանը նաեւ հորդորեց հստակ տարբերակել խնդիրները․ «Համանախագահող երկրները դատապարտել են Արցախում Ադրբեջանի քայլերը։ Իսկ Բրյուսելում հարցերն առավելապես վերաբերել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հստակեցմանը։ Հիմա դժվար է խոսել կողմերի նախապատրաստած խաղաղության փաստաթղթի մասին։ Միայն կարող ենք ասել, որ կա չափավոր լավատեսություն՝ կապված նրա հետ, որ կողմերն ունեն պատրաստակամություն այս հարցով առաջընթաց արձանագրելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930