Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ՔՕ-ի բարեփոխման փաթեթ է բերելու․ Բագրատյանի նախագիծը հետաձգվեց

Ապրիլ 07,2022 12:26

Հարկատուների հանդեպ հարկահավաք մարմնի կողմից հարուցվող քրեական գործերին առնչվող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին» նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Զեկուցման ժամանակ, սակայն, Բագրատյանը հարցադրում արեց․ «Կուզեի հասկանալ՝ նախագիծը ներկայացնե՞նք ողջ ծավալով, թե ոչ, որովհետեւ պարզ դարձավ, որ կառավարությունը բարեփոխումների փաթեթ է բերելու ԱԺ շուտով։ Նաեւ այս փոփոխությունն է ընդգրկված այդ փաթեթում։ Առաջարկում եմ մինչեւ երկու ամիս հետաձգել»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ Բագրատյանը գործող քրեական օրենսգրքում է փոփոխություն առաջարկում, եւ օրինագիրքն ուժը կորցնելու է հուլիսի մեկին․ «Եթե նախագիծն ընդունվի, ստացվելու է, որ դադարեցնելու է գործունեությունը։ Իսկ նոր օրենսգրքում մենք նման փոփոխություն չունենք։ Առաջարկում եմ հետաձգման հիմքում դնել նախագիծը լրամշակելը»։

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծի հիմնավորման հատվածում նշված է՝ «Բազմաթիվ էին դեպքերը եւ տնտեսվարող սուբյեկտների օբյեկտիվ դժգոհություններն առ այն, որ հարկային մարմինները չարաշահում էին քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը՝ անուղղակի ճնշում գործադրելով եւ հարկադրելով հարկատուներին վճարել իրենց կողմից չվճարված հարկերը: Ընդ որում, հարկ վճարողը նախազգուշացվում էր քրեական հետապնդման հնարավորության մասին, եթե չվճարի ստուգման ակտով առաջադրված գումարը»։

Նշված է նաեւ հետեւյալ վիճակագրությունը․

-2019թ.-ի ընթացքում քննվել են 407 քրեական գործեր, որոնցից 109 քրեական գործերով որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 73 քրեական գործերով՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, 7 քրեական գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության այլ նախաքննական մարմին ուղարկելու նպատակով, իսկ 4 քրեական գործեր՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

-2020թ.-ի ընթացքում քննվել են 403 քրեական գործեր, որոնցից 146 քրեական գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 45 քրեական գործերով՝ վարույթը կասեցնելու մասին, իսկ 15 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

-2021թ.-ի ընթացքում քննվել են 565 քրեական գործեր, որոնցից 83 քրեական գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 59 քրեական գործերով՝ վարույթը կասեցնելու մասին, իսկ 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

-2017թ. եւ 2018թ. ընթացքում հարուցված եւ վարույթ ընդունված քրեական գործերից եւ ոչ մեկը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել դատարան: Հարկային մարմնի կողմից նման կայուն պրակտիկայի ձեւավորումը վկայում էր այն մասին, որ առկա էր խզում 205 հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայի եւ ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված խնդիրների ու նպատակների միջեւ: Այս առումով կարելի է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել էր հարկահավաքության գործիքի, մինչդեռ ըստ Սահմանադրության՝ սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը: Համաչափության սկզբունքից բխում է, որ եթե նույն նպատակին հնարավոր է հասնել իրավախախտման համար եւ՛ քրեաիրավական, եւ՛ վարչաիրավական ներգործության միջոցով, ապա առաջնայնությունը պետք է տրվի վարչաիրավական պատասխանատվությանը։

-Նախագծով առաջարկվում է վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի շեմը: Մասնավորապես, որպես խոշոր չափ նախատեսված հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի (4.000.000 մլն ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը (15.000.000 մլն ՀՀ դրամ), իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկը (50.000.000 մլն ՀՀ դրամ)․ այսպես հնարավորինս կբացառվի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի վրա ճնշման գործադրման կամ/եւ ռեպրեսիվ միջոցների կիրառմամբ, այն է՝ քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան:

Հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ նախագծի նպատակն է՝ խրախուսել գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը․ «Շեմերի բարձրացումը վիճահարույց է։ Շեմի միջակայքը հաշվելի պետք է լինի։ Նախընտրելի է, որ լրացնենք նախագիծը եւ գտնենք լավագույն թիվը, որը գործարարներին կօգնի արդյունավետ իրացնել բիզնեսը։ Այո, համաձայն եմ հետաձգել՝ լրամշակման նպատակով»։

Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ ինքը եւս մտահոգություններ ունի գործող շեմի հետ կապված։ Նախագիծը հետաձգվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930