Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանցի դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում «Հանուն Հանրապետության» պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Ապրիլ 07,2022 12:04

Ս․թ․ մարտի 28-ին, 31-ին եւ ապրիլի 5-ին Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը, կազմված կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանից (պատվիրակության ղեկավար), փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանից եւ արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանից՝ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական առաքելություններում հանդիպումների շարքի շրջանակներում հյուրընկալվել է, համապատասխանաբար, Հայաստանում Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություններում եւ Եվրոպական Միության Պատվիրակությունում։

Կայացել են հանդիպումներ Հայաստանում ՄԹ Արտակարգ եւ Լիազոր Դեսպան, Ն․Գ Ջոն Գալագերի, Հայաստանում ԱՄՆ Դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի ներկայացուցիչ Քիմ Զապֆելի եւ Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, Ն․Գ․ Անդրեա Վիկտորինի, Պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի հետ։

Մեր կուսակցության պատվիրակությունն արտասահմանցի դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի առաջ կանգնած մարտահրավերներն՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած արյունալի պատերազմի, այդ պատճառով ՌԴ նկատմամբ աննախադեպ միջազգային պատժամիջոցների, ՌԴ միջազգային մեկուսացման եւ ամբողջական դիվանագիտական բոյկոտի պայմաններում։

Կուսակցության ներկայացուցիչների կողմից շեշտվել է, որ մարտահրավերները հաղթահարելուն միտված Հայաստանի քայլերի տրամաբանությունը ներառում է պետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդումը, քաղաքակիրթ ժողովրդավարական երկրների հետ գործընկերության, բարեկամական փոխգործակցության սերտացման կենսական անհրաժեշտությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ դրա անշրջելիության երաշխիքների ձեւավորման հրամայականը որպես ազգային անվտանգության գրավական, ինչպես նաեւ՝ բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացման, ազգային անվտանգության վերաբերյալ պատկերացումների ռազմավարական վերանայման, անխուսափելի ռիսկերի կառավարման ապահովման հրատապ անհրաժեշտությունը։

Մանրամասն քննարկվել է Արցախյան հարցի շուրջ ստեղծված կացությունը` պայմանավորված տարածաշրջանում վերջին բռնապետության՝ Ալիևի կոռումպացված ավտորիտար ռեժիմի շարունակական ոտնձգություններով, որոնք ուղղակի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգությանը եւ խաղաղությանը, Արցախահայության գոյությանն իրենց պատմական հայրենիքում։

Քննարկվեցին մարտահրավերների հաղթահարման շուրջ փոխգործակցության, հարաբերություններին ռազմավարական հիմք հաղորդելու եւ ռազմավարական մակարդակ ու բովանդակություն ապահովելու հնարավորությունները, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ դրանց ընթացքը։

Հանդիպումներն անցել են ջերմ, գործնական, փոխադարձ վստահության, ընդհանուր արժեհամակարգային հիմքի՝ փոխադարձ ընկալման, բարեկամական մթնոլորտում. ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակական դարձնելու հանդիպումները, հաղորդելով դրանց պարբերական խորհրդակցությունների բնույթ։Հանուն Հանրապետության Կուսակցությունը շարունակելու է Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական առաքելություններում հանդիպումների շարքը, որոնց արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը։

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930