Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շառլ Միշելը նշել է՝ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը հայտարարել են՝ ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր. Եվրոպական խորհրդի ամփոփիչ հայտարարությունը

Ապրիլ 07,2022 11:38

Եվրոպական խորհրդի ամփոփիչ հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփիչ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրոպական խորհրդի Նախագահը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ և հասնելու նրան, որ Հարավային Կովկասը դառնա անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Նշվում է, որ ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո: Նրանք փաստել են, որ առկա է առաջընթաց ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Նաև քննարկել են վերջերս Արցախում լարված իրադրությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Հայտարարությունում ասվում է, որ ղեկավարները ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել շարունակել նրանց ներգրավվել այս աշխատանքներում՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և արագ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ներառյալ գերության մեջ պահվող անձանց և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև ականազերծման ջանքերին, կշարունակի փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և կավելացնի ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնողական և վերակառուցման աշխատանքների համար:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան և այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել համատեղ հանձնաժողով, որի մանդատը լինելու է՝ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը և ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Շառլ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ այս հարցում տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հաղորդակցության և ենթակառուցվածքների վերականգնման հարցը ինչպես երկու երկրների միջև, այնպես էլ Հարավային Կովկասում առհասարակ։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին խրախուսելով գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային կապերի վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, նաև ընդհանուր նախագծերը բացահայտելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական խորհրդատվական ֆորումը:

Հայտարարության վերջում ասվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և լինել ներգրավված:

Թարգմանությունը՝ «Առաջին լրատվական»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930