Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի պաշտոնյաները՝ Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում․ ԱԺ-ն տեղյակ չի եղել. fip.am

Ապրիլ 07,2022 11:51

Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը»։

Հրապարակմանը կցված լուսանկարները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ միջոցառմանը, ի թիվս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի և այլոց, մասնակցել են նաև Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Գեորգի Մուրադովը և Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, որոնք նստած են ՀՀ ԱԺ նախագահի հետ նույն շարքում։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ։

Ղրիմը ինքնավար հանրապետություն է, որը 2014-ից Ռուսաստանի Դաշնությունը համարում է իր տարածքի մի մասը։ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և այն համարում է Ուկրաինայի տարածք։ Ղրիմը ՌԴ կազմում չի ճանաչել նաև Հայաստանը։

Ղրիմի պատվիրակության՝ Հայաստան ժամանման մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ Ապրիլի 1-ին Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը ռուսական պետական ТАСС գործակալությանը հայտնել էր, որ մոտ օրերս Երևանում անցկացվելու են Ղրիմի օրեր․ «Առաջիկա օրերին Հայաստանում կանցկացնենք Ղրիմի օրերը։ Այնտեղ մեզ սպասում են, հանրությանը հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում։ Կանցկացվեն ղրիմյան և հայկական բիզնեսների հանդիպումներ, հանդիպումներ հանրության հետ, ելույթներ, կոնֆերանսներ, մեր ստեղծագործական խմբերի ելույթներ։ Դրանք լիարժեք միջոցառումներ են»։

Ապրիլի 2-ին այցի մասին հաղորդագրություն տարածեց նաև հայկական մամուլը։

«Մեդիամաքս» գործակալությունը նշում է, որ Հայաստանում «Ղրիմի օրերի» կազմակերպիչը «Սահմանադրական Իրավունքի Միություն» կուսակցության նախագահ, «Ղրիմի ընկերներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանն է:

«Փաստերի ստուգման հարթակը» կապվեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե արդյոք ԱԺ նախագահը նախապես տեղյակ է եղել միջոցառման մասնակիցների ցանկի մասին և արդյոք Սիմոնյանին հայտնել են, որ նրա հետ նույն շարքում են նստելու նաև Հայաստանի կողմից չճանաչված Ղրիմի հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը տեղյակ չի եղել Ղրիմի ներկայացուցիչների ներկայության մասին։ Խաչատրյանի խոսքով, Սիմոնյանին միջոցառմանը հրավիրել է «Մոսկվայի տունը»։ «ԱԺ նախագահի աշխատակազմին նախապես տեղեկացվել է միայն, որ պարոն Սիմոնյանի կողքին նստելու է Հայաստանում ՌԴ դեսպանը։ Մասնակիցների ով լինելու ու նրանց նստելու տեղի հետ կապված բոլոր հարցերը համակարգել են միջոցառման կազմակերպիչները»,- ասաց ԱԺ նախագահի խոսնակը։

Մհեր ԹԱՐՈՅԱՆ

Փաստերի ստուգման հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930