Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բացում, եթե բացում եք, ինչո՞ւ են մեր քթի տակ նոր հենակետ տեղադրել». Մասիս Զեյնալյան. «Հրապարակ»

Ապրիլ 07,2022 11:26

Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։

Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն իր վրա է վերցրել այս հարցի ողջ պատասխանատվությունը, մեզ ասացին, որ մինչ այս պահը այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով ԱՀ իշխանություններին հանձնարարական չեն տվել, ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր ներկայությունը Լաչինի միջանցքում, ինչի այլընտրանքը կնշանակի Արցախը նվիրել Ադրբեջանին։

Այս պատճառով էլ Արցախի իշխանությունները հնարավորինս խուսափում են թեմային անդրադառնալուց։ Մենք փորձեցինք խոշորացված Տեղ համայնքի ղեկավարից պարզել՝ իրենց համար տեսանելի՞ են ադրբեջանական կողմի աշխատանքները, եւ ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջերս հենակետ տեղադրել Խնձորեսկի մոտ։ Սակայն համայնքի ղեկավարի փոխարեն հաջողվեց կապ հաստատել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի՝ Մասիս Զեյնալյանի հետ, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է։

Զեյնալյանը հաստատեց հենակետ տեղադրելու մասին տեղեկությունը, նաեւ տարակուսանք հայտնեց․ «Բա ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բացում, եթե բացում եք, ինչո՞ւ են մեր քթի տակ նոր հենակետ տեղադրել կամ ուզում նոր զորամաս սարքել»։ Զեյնալյանն ասաց, որ ակտիվ աշխատանքներ են տանում, եւ ճանապարհը գրեթե պատրաստ է․ «Էդ ճանապարհներից մեկը գալիս ա դեպի Աղավնո, մի հատը գնում է երեւի Ղափան՝ Կոռնիձորի տակով, կամ Խնձորեսկ։ Ես չեմ կարող հաստատ պնդել, բայց երեւում է։ Ասում են՝ Ստեփանակերտի ճանապարհն են Բերձորից հանում, Աղավնո-մաղավնո՝ սաղ մնում ա իրանց։ Դրա մասին պիտի Ադրբեջանը հստակ պատասխան տա, դա մի սովորական ճանապարհ չի, ասենք՝ զինվորական ճանապարհ… Ոնց որ մեր Երեւան-Արտաշատ մայրուղին է, նույն ձեւի մեծ մայրուղի են սարքում։ Պատերազմից հետո եղել ա զինվորական ճանապարհ, բայց հիմա հսկա ճանապարհ են գցել։ Դա էն տարածքն ա, որ պատերազմից հետո մնաց իրանց մոտ, ու հիմա գիշեր-ցերեկ ճանճի նման աշխատում են»։

Զեյնալյանի խոսքով, ճանապարհը գրեթե պատրաստ է, եւ ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը․ «Ասֆալտ արած չի, բայց պատրաստ ա, լավ գրունտային ճանապարհ ա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930