Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամին, որպես կանոն, հաջորդում է տնտեսական վերելքների, իսկ որոշ երկրների դեպքում նաև տնտեսական հրաշքների ժամանակաշրջան. Համազասպ Գալստյան. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 07,2022 10:58

Թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, գիտենք։ Կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ քայլեր պետք է անենք այն զարգացնելու եւ ի՞նչ քայլեր՝ միջազգային ներկայիս թոհուբոհում ճիշտ դիրքավորվելու համար։ Այս հարցերի շուրջ է «ՀՀ»-ի զրույցը տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանի  հետ։

-Հետքովիդյան աշխարհում շարունակվում են ցնցումները, եւ այդպիսի կամ նմանատիպ «ֆորս-մաժորային» իրավիճակները, ըստ էության, լինելու են շարունակական, քանի որ արդեն, անգամ ոչ մասնագիտական հարթությունում, տեսանելի են դառնում աշխարհակարգի փոփոխման միտումները, իսկ այդպիսի մասշտաբային իրադարձությունը չի կարող լինել սահմանափակ երկրներում ու կարճաժամկետ միջակայքում։ Այն բավականին ծավալուն եւ երկարաժամկետ գործընթաց է, որը ներառելու է հարյուրավոր պետությունների՝ վերբեռնելու նրանց քաղաքական եւ տնտեսական խնդիրներն ու նպատակները, հստակեցնելու յուրաքանչյուրի տեղն ու դերը նոր աշխարհակարգում։ Այդ գործընթացը սկսվել է, ու դրա ակնառու օրինակը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որի հանդեպ արդեն իսկ տեսանելի են պետությունների վարքագիծն ու դիրքավորումը։ Խնդիրը, իհարկե, փոխշաղկապված է ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական գործոններով, ու բավական է հպանցիկ նայել քարտեզին, որպեսզի պարզ դառնան եվրասիական գոտու (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ այլք), Արեւմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա եւ այլք) ու ամերիկյան մայրցամաքների (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա եւ այլք) երկրների` գործընթացի այս փուլում քաղաքական ու տնտեսական դաշտերի տարանջատման ու դիրքավորման պատկերները։ Իհարկե, տնտեսական պատժամիջոցները չեն կարող այս պարագայում դիտարկվել, որպես միայն մեկ պետության դեմ կիրառվող գործիք, քանի որ այն ունի բումերանգի էֆեկտ եւ պարունակում է մեծ վտանգներ ու ռիսկեր նաեւ այն կիրառողների համար։ Հետեւապես դրանք, թվում է, այնքան էլ արդյունավետ չեն հենց այս պահին, սակայն եթե դիտարկվեն աշխարհակարգի վերակառուցման ու ակտիվ «ճամբարների» միջեւ պայքարի համատեքստում, ապա այս փուլում անհրաժեշտ քայլեր են, որպեսզի ակնառու լինի պետությունների «խրամատավորումը։» Այսինքն՝ ով որտեղ է եւ ինչ դերով։ Այստեղ, թերեւս մեզ հետաքրքրողը Հայաստանին սահմանակից կամ դրան հարակից  պետություններն են։

Ներառյալ «Մետաքսի գոտու» տարածքի երկրները…

-«Մետաքսի գոտու» տարածքի, Մերձավոր Արեւելքի եւ Արաբական թերակղզու երկրները։ Այստեղ ամեն ինչ այնքան խառն է, որ թվում է, թե ամենաանկանխատեսելի «շոգեկաթսան» հենց այստեղ է։ Արաբական թերակղզու երկրները քաղաքական առումով, իհարկե, ձգտում են դեպի Արեւմուտք, սակայն չեն ցանկանում բաց թողնել այնպիսի տնտեսական գործընկերների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Հետեւաբար՝ նրանք «լողալու են» երկու ծովում էլ։ Նույն խնդիրն է նաեւ Թուրքիայի ու Իսրայելի պարագայում, իսկ Իրանն արեւմտյան գործընկերների հետ միջուկային թնջուկի լուծման խնդիր ունի, սակայն ռազմավարական գործընկերը, այդուհանդերձ, Ռուսաստանն է։ Իրանը նաեւ խիստ շահագրգիռ է «Մետաքսի գոտու» գործարկման խնդրում՝ փորձելով Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ, որն էապես կմեծացնի տարածաշրջանի տնտեսական բաղադրիչի կշիռը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր «մանեւրելու» դաշտն այնքան էլ ընդարձակ չէ։ Արցախյան հիմնահարցը քաղաքական առումով արդեն իսկ շաղկապվել է ռուսական խաղաղապահների գործոնով, հետեւաբար, Ռուսաստանն այդ առումով ու այդ ասպեկտում այլընտրանք այս պահին չունի։ Ռազմաքաղաքական հարթակում մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ, հետեւաբար, ներկայում այդ առումով նույնպես ավելորդ «ջղաձգումները» կարող են աղետաբեր լինել։ Սակայն տնտեսական համագործակցության շրջանակներն այս պահին կարելի է եւ անհրաժեշտ է օգտագործել առավելագույնս, եւ դրա հիմքերը կան, քանի որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ նաեւ ԱՀԿ-ի անդամ է, ակտիվ օգտագործում է ԵՄ արեւելյան գործընկերների հարթակը, իսկ աշխարհակարգի նոր բեւեռի ստեղծման նախերգանքը հանդիսացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ ունի «Երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ։

Այսինքն՝ այստեղ ուղղակի պետք է տեսակավորենք «շահեկան զամբյուղները»…

-Այո, եւ հստակեցնենք տնտեսական համագործակցության շփման եզրերն ու ամբողջը չհավաքենք մեկում։ Ինչ վերաբերում է ֆինանսական ճգնաժամին, ապա, իհարկե, աշխարհաքաղաքական այսպիսի տեկտոնական շարժերը կարող են հանգեցնել դրան, սակայն նմանատիպ գործոններով պայմանավորված` ճգնաժամերին, որպես կանոն, հաջորդում է տնտեսական վերելքների, իսկ որոշ երկրների դեպքում նաեւ տնտեսական հրաշքների ժամանակաշրջան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930