Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան․ «Էն մարդկանց արդարացումը, թե ես չեմ գնում, որովհետեւ էնտեղ հին դեմքերն են, դա ես չեմ ընդունում». «Հրապարակ»

Ապրիլ 07,2022 10:39

Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին նաեւ մտավորականներ՝ երգիչներ, դերասաններ, կոմպոզիտորներ։ Մշակութային ակտիվ գործիչներից ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ էր այնտեղ։ Նրան հարցրինք՝ ի՞նչ տպավորություն ունի հանրահավաքից, եւ շարունակական կլինի՞ պայքարը։

«Ամենակարեւորն այն էր, որ բավականին քանակությամբ մարդ էր եկել, դա արդեն ուրախացրեց, որովհետեւ ես, անկեղծ, չէի սպասում, որ այդքան մարդ կլիներ, ու հուսով եմ, որ եթե կարողանան կազմակերպիչները շարունակական դարձնել, ապա մարդկանց քանակը կավելանա, եթե կարողանան այնպիսի առաջարկներ անել, որ մարդիկ հավատան, որովհետեւ հիմա անհավատությունը մի քիչ շատ է։ Այսինքն՝ ասելիք պետք է լինի»։

– Եթե վաղը, մյուս օրը էլի ակցիաներ լինեն, կմասնակցե՞ք։

– Անպայման, մեկը մյուսի հետ կապ չունի։ Ընդ որում՝ ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ով է կազմակերպիչը։ Տվյալ դեպքում ես նկատի ունեմ ընդդիմությանը կամ, ինչպես հիմա ասում են, ընդդիմություն կոչվածին։ Դա նշանակություն չունի։ Ու էն մարդկանց արդարացումը, թե ես չեմ գնում, որովհետեւ էնտեղ հին դեմքերն են, դա ես չեմ ընդունում։ Ի՞նչ է նշանակում՝ հին դեմքերն են։

– Շատերն ասում են՝ նախկիններին չեն ուզում տեսնել, նույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Դաշնակցությանը եւ այլն, դրա համար չեն միանում նրանց կազմակերպած պայքարին։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս համոզել մարդկանց, որ սա նախկինների վերադարձի պայքար չէ, այլ հանուն հայրենիքի եւ հայրենիքի փրկության պայքար է։

– Այ, երբ որ այդ միտքը բոլորս հասկանանք, էդ դեպքում բոլորը վեր կկենան կգան։ Ու պետք չի անընդհատ՝ այ, հին դեմքերն են էնտեղ։ Հասկացանք, էդ հներն էսօր չկան։ Բայց էսօր հայրենիքի հարցն է դրված, մենք երկիր ենք կորցնում եւ պետականություն ենք կորցնում։ Որեւէ կապ չունի՝ ով է գալիս էնտեղ կանգնում, դա կլինի նախկին նախագահ, նախկին վարչապետ, նախկին երեսփոխան, թե եսիմ ինչ։

– Իսկ Արցախի կարգավիճակի հետ կապված ի՞նչ եք մտածում, արցախցիներն այսօր արդեն խոսում են, որ Հայաստանը ձեռք է քաշել իրենցից, ուստի հույսը դրել են միայն Ռուսաստանի վրա։ Ոմանք էլ ասում են, որ եթե նույնիսկ թուրքը գա իրենց կոտորելու, մնալու են իրենց հողում եւ չեն լքելու։ Դուք այս իրավիճակում լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Դա շատ դժվար է։ Եթե ես լուծումը պատկերացնեի, ես հանդես կգայի ելույթով, թե ոնց պետք է էդ հարցը լուծել։ Մի բան կա՝ արցախցին իրավունք ունի այսօր հիասթափվել մեզնից, որովհետեւ շատ քիչ է ուշադրությունն Արցախի նկատմամբ։ Էսօր մենք համարյա չենք խոսում գերիների, անհետ կորածների մասին, իսկ էդ ամեն ինչն ազդում է էդ մարդկանց վրա։ Իրենք էնտեղ ապրում են, դա շատ դժվար է պատկերացնել, պետք է այնտեղ լինել, մարդկանց հետ շփվել, որպեսզի դա հասկանալ։ Թե ինչպիսին կլինի կարգավիճակը՝ բնական է, որ իդեալականն այն կլինի, որ Արցախն ինչպես եղել է մի պետություն մեզ հետ միասին, էդպես էլ լինի։ Գոնե մեր մտքում։ Ու դրան պետք է հասնենք։ Թե չէ հիմա արցախցին կորոշի գնալ ռուսների հետ, թե ինչ կորոշի, ես չգիտեմ։ Իրենք հիմա էն վիճակում են, որ անգամ կարող են ընդունել սխալ որոշում։ Ես չեմ ուզում արդարացնել էդ սխալ որոշումը, բայց հնարավոր է, որ էդպես էլ լինի, որովհետեւ որեւէ աջակցություն չկա։ Էսօր իրենք տեսնում են ռուս խաղաղապահին ու հավատում են, որ ռուս խաղաղապահն իրենց անդորրը կպաշտպանի։ Ես չգիտեմ՝ դա որքանով է էդպես, բայց, համենայնդեպս, էդ մարդիկ էնտեղ են ու ինչ-որ բան փորձում են անել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930