Գլենդելի նոր քաղաքապետն է Արտաշէս «Արդի» Քասախեանը: 2020 թուականից Գլենդելի քաղխորհրդի անդամ, եւ քաղաքապետարանի երկարամեայ քարտուղար Քասախեանը նոր պաշտօնը ստանձնեց Ապրիլի 5ին կայացած նիստում: «Մեր քաղաքը վերականգնւում է համաճարակից, եւ այդ է պատճառը, որ մենք կը կենտրոնանանք վերականգնման եւ աճի վրա», իր ելոյթում նշեց Արտաշէս Քասախեանը` ներկայացնելով առաջնայնութիւնները, որոնք կը լինեն իր ուշադրութեան կենտրոնում: Դրանց շարքում են` մատչելի բնակարանների ապահովումը, գործարար միջավայրի բարելաւումը, քաղաքի ապահովութեան եւ անվտանգութեան բարձրացումը, Գլենդելում մշակութային կեանքի աշխուժացումը:
«Ես համոզուած եմ, որ քաղաքապետի պաշտօնն առաւել խորհրդանշական է: Աշխատանքին պէտք է մօտենալ ամենակարեւորը` համեստութեամբ, յիշելով, որ քաղխորհրդի անդամի պարտականութիւնն է համայնքին ծառայելը, քանի որ մեզ ընտրել են, որ մեր գործունէութեամբ թեթեւացնենք մարդկանց հոգսերն ու լուծենք խնդիրները», նշեց Քասախեանը: Նա կոչ արեց հայ համայնքին ներգրաւուել քաղաքի կեանքում, եւ յայտնեց, որ շարունակելու է քաղաքի բնակիչների հետ իր հանդիպումները նաեւ քաղաքապետարանից դուրս` սուրճի սեղանի շուրջ, որի նպատակն է իրազեկել եւ մարդկանց մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացներին:
Գլենդելի նոր քաղաքապետը յայտնեց, որ հետեւում է Հայաստանում ընթացող իրադարձութիւններին ամէնօրեայ հիմունքներով, մտահոգւում է, եւ շատ է ցանկանում, որ հայրենիքի սահմաններն ապահով լինեն:
Արտաշէս Քասախեանը ծնուել է Բոստոնում` քիմիկոսների ընտանիքում: Գլենդելում է 1986 թուականից, որտեղ ներկայում բնակւում է կնոջ` Քորթնիի եւ որդու` Արմէնի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում: