Ապրիլի 13-ին Սոֆիայում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնում է Օլիմպավանում:
Aravot.am-ի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ասաց. «Նախապատրաստությունը ֆեդերացիայի նախագահի մշտական աջակցությամբ ծառայել է նպատակին: Պարոն Հովհաննես Հովսեփյանը խնդիրները ուշադրության կենտրոնում է պահում, անգամ, երբ ժամանակ է ունենում, գալիս է մրցավայր, ո՛ր երկրում էլ այն լինի, շփվում է տղաների հետ, ոգեւորում, ինչն անչափ կարեւոր է հատկապես երիտասարդ մարզիկների համար:
Տղաները լավ մարզավիճակում են, պատրաստ պայքարի: Ես չեմ սիրում կանխագուշակություններ անել, հատկապես, որ խոսքը այնպիսի անկանխատեսելի մարզաձեւի մասին է, ինչպիսին բռնցքամարտն է: Բայց Սոֆիայում պետք է փորձենք կրկնել անցած տարվա արդյունքը՝ 5 մեդալ, ինչն աննախադեպ հաջողություն էր: Չի բացառվում, որ ավելի լավ մասնակցություն ունենանք: Սակայն շատ բան կարող է կախված լինել նաեւ վիճակահանությունից եւ այլ հանգամանքներից:
Կարդացեք նաև
Մեդալները, իհարկե, էական են, սակայն որպես երիտասարական հավաքականի ավագ մարզիչ, իմ աշխատանքի ամենակարեւոր բաղկացուցիչ համարում եմ նաեւ ազգային հավաքականի համար լավ կադրեր աճեցնելը, ինչի մեջ տեսնում եմ հայկական բռնցքամարտի ապագան»:
Վազգեն Բադալյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցելու է 13 բռնցքամարտիկով: Նրանք են. 48 կգ՝ Թումաս Թումասյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, 54 կգ՝ Գոռ Ազիզյան, 57 կգ՝ Մանվել Պետրոսյան, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան, 67 կգ՝ Արես Հակոբյան, 75 կգ՝ Տարոն Սարգսյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյան92 կգ՝ Ավետիք Հովակիմյան, +92 կգ՝ Ալբերտ Հարությունյան:
Հավաքականը մրցավայր մեկնելու է ապրիլի 11-ի լուսաբացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ