Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան․ «Չգիտեմ՝ ո՞նց են այդ խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ շրջանցելով Արցախի խնդիրը»․ «Փաստ»

Ապրիլ 07,2022 09:30

Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունները նախօրեին հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է կոչին, խոսել նաև այն վտանգներից, որոնց առջև այսօր կանգնել է հայրենիքը:

Նա անդրադարձել է նաև այս օրերին շրջանառվող որոշ թեզերի՝ դրանք չափազանց վտանգավոր որակելով: Դավիթ Գալստյանի խոսքով, հնարավոր չէ շատ կարճ նկարագրել այն վտանգները, որոնք կան և ծառացել են այսօր: Նա առաջնային խնդիր է համարում միասնականության բացակայությունը, որը հենց վերոնշյալ կոչի հիմքն է: «Եթե Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը գործի, մենք բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ շատ կարճ ժամանակում կհաղթահարենք և միասնական ջանքերով դուրս կգանք այս ծանր վիճակից: Բայց միասնությունը միայն խոսքերով չէ, պետք է հետևեն գործողություններ, պետք է համախմբվել»,- նշեց Դ. Գալստյանը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստանի իշխանություններին, սակայն, պետք է տարանջատել Հայաստանից: «Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ այսօրվա իշխանությունները փորձում են ձեռքները լվանալ Արցախից: Սա ներկայացնում են այն թեզերի ներքո, թե իբրև Արցախն ինքն է ուզում առանձնանալ: Փորձում են մարդկանց մեջ տրամադրություններ սերմանել, թե իբրև արցախցիներն ուզում են միանալ Ռուսաստանին և այլն: Այս ու նմանատիպ թեզերն իրականում շատ վտանգավոր են: Արցախը չի ուզում հրաժարվել Հայաստանից: Մենք միշտ միասնական ճակատում ենք հանդես եկել, ամբողջ ազգով միասին երեք պատերազմ ենք անցել: Բայց մեր պարտությունները սկսեցին այն ժամանակ, երբ «հայաստանցի-ղարաբաղցի», «սևեր-սպիտակներ», «նախկիններ-ներկաներ» տարանջատումների, պառակտումների սկիզբը դրեցին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ տարանջատումներն ու պառակտումները շարունակվեցին նաև Արցախում:

Անդրադառնալով մի շարք այլ թեզերի՝ Դ. Գալստյանը հավելեց. «Եթե Հայաստանում տանում են այն գիծը, թե «լավ չեք ապրելու, քանի որ ունենք Արցախի խնդիր», և փորձում են իրենց քաղաքականությունը վարել ու գործունեությունը ծավալել հենց այդ թեզի շուրջ, ապա դա կեղծ օրակարգ է: Բացի այդ, այս իրավիճակում խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ չկարողանալով բացատրել, որ դա Արցախի ինքնորոշման հետ որևէ առնչություն չունի: Ինչպե՞ս են պատկերացնում «խաղաղության պայմանագիրն» այս պայմաններում: Թող այդ իշխանական թևերից մեկը դուրս գա ու հանրությանն ասի՝ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու, ուր նշված է լինելու, որ, օրինակ՝ Արցախն անկախ է, ինքնորոշված է կամ Հայաստանի մաս է: Չգիտեմ՝ ո՞նց են այդ խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ շրջանցելով Արցախի խնդիրը: Ոչ ոք չի կարող պատկերացնել, բայց իրենք այդ մասին խոսում են: Ու եթե դա կեղծ չէ՝ ապա թող հրապարակայնորեն ասեն, թե ինչպես են պատկերացնում այդ գործընթացը»:

Նա շեշտեց, որ իրականում ոչինչ չեն ասում, ինչի արդյունքում պարզապես մտահոգիչ խնդիրների առաջ ենք կանգնում: Այս համատեքստում, անդրադառնալով նաև վերոնշյալ կոչում Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրման կարևորության մատնանշմանը, Գալստյանն ընդգծեց, որ դրանք միայն խոսքեր չեն: Հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է, ինչն ամրագրված է հստակ պայմանագրով: «Իրականում ակնկալիքները ոչ թե իշխանություններից, այլ համայն հայությունից են: Երբ ժողովուրդը կհասկանա, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ արժեք, այս իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին հակառակ շարժվել: Մեր կոչը ոչ թե Հայաստանի իշխանություններին, ինչ-որ տեղ՝ Հայաստանի խորհրդարանին, այլ համայն հայությանն է ուղղված՝ այդ համախմբումը Արցախին էլ է անհրաժեշտ: Փորձելով միավորել հասարակությանը՝ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած այս մարտահրավերները»,-եզրափակեց զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930