Լրահոս
Օրվա լրահոսը

Ում եւ ինչի համար են անվանում «հինգերորդ շարասյուն»

Ապրիլ 07,2022 10:00

Երբ թերթում ես ռուսաստանյան պաշտոնական լրահոսը, զարմանում ես, թե որքան շատ են այնտեղ «փորձագետները»: Վերջերս, օրինակ, հանդիպեցի այսպիսի մի վերնագրի. «Աբխազիայի հրաժարվելը՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ, ոչ բարեկամական քայլ է. փորձագետ»: Ահա այսպիսի «փորձագիտական կարծիք». դու բարեկամ ես միայն այն դեպքում, եթե իմ կազմում ես, հակառակ պարագայում դու թշնամի ես:

Բայց, իհարկե, «փորձագետների», «քաղաքագետների» եւ այլ քարոզիչների ամենանախընտրելի զբաղմունքը «հինգերորդ շարասյանը» գտնելն ու խարազանելն է: Այդ ժանրի վարպետներից մեկը (ի դեպ, «յան»-ով վերջացող ազգանունով) գտնում է, որ այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկիրը տեսնում են եվրոպական ընտանիքում, ավելի վատն են, քան «հինգերորդ շարասյունը», նրանք թաքնվել են եւ սպասում են, թե երբ է նորից հնարավոր լինելու, «փորձագետի» խոսքերով, «մտնել Արեւմուտքի մեջ»: Իսկ դա, ըստ նրա, ոչ միայն վնասակար է Ռուսաստանի համար, այլեւ՝ անհնարին, որովհետեւ Արեւմուտքում «արգելել են Չայկովսկուն եւ Դոստոեւսկուն»:

«Հինգերորդ շարասյունը» հետխորհրդային բոլոր երկրների քարոզիչների սիրած արտահայտությունն է: Հայաստանում նույնպես այն հաճախ է օգտագործվում: Մինչեւ հեղափոխությունը՝ «սերժական ռուսամետները» այդ պիտակը կպցնում էին «արեւմտամետ հ/կ-ականներին»: Իսկ 2018-ից հետո փաստացի իշխանության եկած «հ/կ-ականները» այդ կերպ են բնութագրում «սերժականներին» եւ «քոչարյանականներին»:

Հետաքրքիր է, որ «հինգերորդ շարասյուն» արտահայտությունն իր ծագման պահին փոքր ինչ այլ իմաստ ուներ: 1936 թվականին, երբ իսպանացի նացիստները պաշարել էին Մադրիդը, այդ «հատուկ գործողությունը» ղեկավարող գեներալ Էմիլիո Մոլան, դիմելով պաշարվածներին, հայտարարեց, որ նա գրոհելու է մայրաքաղաքը՝ չորս ռազմական շարասյունով, բայց այնտեղ՝ Մադրիդում, կա նաեւ հինգերորդ շարասյունը՝ նա նկատի ուներ, որ քաղաքի ներսում ունի բազմաթիվ համակիրներ: Բայց շատ արագ հանրապետականներին, այսինքն՝ հակաֆաշիստներին համակրող լրագրողների համար այդ բառակապակցությունը դարձավ ներքին թշնամու, դավաճանի, լրտեսի հոմանիշ: Եվ հիմա հինգերորդ շարասյուն են կոչում ըստ էության բոլոր հակասական կերպարներին՝ սկսած բյուզանդամետ կաթողիկոս Պետրոս Գետադարձից, վերջացրած՝ այն ռուսաստանցիներով, որոնք ուզում են ապրել նորմալ, ժամանակակից պետությունում:

Ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունում կա, այնուամենայնիվ, մեթոդաբանական սխալ. «Արեւմուտք»՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կան շատ տարբեր երկրներ՝ իրենց շահերով եւ հակասություններով: Ի տարբերություն Ռուսաստանի՝ գոյություն չունի «Արեւմուտքի թագավոր», որը հրահանգում է բոլոր փորձագետներին, քաղաքագետներին եւ լրագրողներին նույն բառապաշարով արտահայտել միեւնույն գաղափարները: Իսկ ով դա չի անում՝ նրանց անվանել «հինգերորդ շարասյուն»: Արեւմտյան առանձին վերցրած երկրների ներսում նույնպես չկա նման պարտադրանք. օրինակ, Գերմանիայի վարչապետի գրասենյակից չեն հրամայում բոլոր թատրոններին, համերգասրահներին եւ հրատարակչություններին՝ արգելել ռուսական մշակույթը: Կան ինչ-որ առանձին, հատուկենտ կառույցներ, որոնք հանդես են գալիս նման, թույլ տվեք ասել, մարազմատիկ նախաձեռնություններով: Բայց այդ կառույցները չնչին տոկոս են կազմում, եւ, հուսով եմ, մոտ ժամանակներս կհրաժարվեն իրենց անհեթեթ վարքագծից:

…Իսկ ռուսական մշակույթն արժանի է ամբողջ աշխարհի խոնարհմանը: Օրինակ, ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը գրում էր. «Մարդիկ, որոնք պատերազմը համարում են ոչ միայն անխուսափելի, այլեւ՝ օգտակար ու այդ պատճառով ցանկալի, այդ մարդիկ սարսափելի են իրենց բարոյական այլասերվածությամբ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    I think the last quote from Lev Tolstoi generally applies to superpowers and empires, and the US and Russia are examples of such state entities. Both don’t shy away from war to solve their issues (the US much more successfully because of its overall superiority) and both consider that war can be beneficial for internal social order and for the economy (remember president Eisenhauer’s allusion to the military industrial complex). The west is not one single pyramid and there are sporadic disagreements in the family (Irak in 2003 when France, Germany, Canada did not join the US) but it is hard to not see clear coordination for example in the media sector. Yes, the German chancellor does not order theaters to cancel Russian authors, but all state media, newspapers, TV, in the west demonize the Russian leadership (since many years) in a biased and aggressive way. Obviously, the same is done much more primitively in Russia.

    For us Armenians, the clash of empires is nothing new, we have seen many in the past and should have learned a long time ago that our priority should be to stay away (as much as possible) from being in the middle of the fight. Judging from the main themes that interest Armenians in the last 4 years though – Sashik’s 50, Robik’s 4, speed meters, Tushonkas, etc – I don’t have have the impression we learned much.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930