Լրահոս
Օրվա լրահոսը

IT Artashat-ի 25-ամյա հիմնադիրը արտաշատցիներին մոտեցնում է ապագայի մասնագիտությանը

Ապրիլ 07,2022 12:30

25-ամյա Սերինե Մխիթարյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործող «IT Artashat» ծրագրավորման դպրոցի հիմնադիրն է։ Սերինեի մեջ դեռ մանկուց է նկատվել բիզնեսային մտածողությունը, նա ընդամենը 10 տարեկան էր, երբ աշխատեց իր առաջին գումարը։ «Դեռ 10 տարեկանից իմ մտքում անընդհատ պտտվում էր սեփական գումարն աշխատելու գաղափարը։ Նույն տարիքում աշխատեցի առաջին գումարս, գնեցի արհեստական եղունգներ, նկարեցի դրանց վրա եւ վերավաճառեցի»,-ասում է Սերինեն։

Սերինեի նպատակը մարզերում IT ոլորտը զարգացնելն էր, այդ պատճառով նա ծրագրավորման դպրոցը հիմնեց Արարատի մարզկենտրոնում: «Տեւական ժամանակ է, ինչ մտքումս էր ԱյԹի կենտրոն ունենալը, սակայն 44-օրյա պատերազմը իր բոլոր գործոններով մեծ «ազդակ» էր ինձ համար, սկսել գործել անհապաղ: Անհրաժեշտ էր շտապ զարգացնել ՀՀ տնտեսությունը եւ դրսից գումար մտցնել Հայաստան՝ հետպատերազմական տնտեսական ճգնաժամը վերացնելու համար: Դա անելու միակ ինձ հայտնի ճանապարհը՝ հնարավորինս շատ թվային մասնագետների աշխատանքն էր Հայաստանից արտասահմանյան որեւէ ծրագրավորման կազմակերպության համար: Մասնավորապես հավատալով, որ միայն հասարակության շերտերը եւ հատկապես նոր սերունդը կրթելով ամենուր ավելի ուժեղ եւ հաջողակ կլինենք, ձեռնամուխ եղա հիմնելու այթի դպրոց, որտեղ կկարողանան սովորել սկսած 7 տարեկանից այն բոլոր անձինք, ովքեր ցանկանում են փոխել իրենց ապագան՝ զարգանալ, զարգացնել, մնալ հայրենիքում աշխատել եւ ստեղծել ավելին՝ առանց իրենց տանից, գյուղից կամ բնակավայրից դուրս գալու»,- ասում է մեր զրուցակիցը։

Սերինեի համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել կենտրոնի ուսանողների հավատով լի ժպիտները, ձեռք բերած հաջողությունները, իսկ երեխաների դեպքում ծնողների գոհունակությունն ու շնորհակալանքի խոսքերը:

«Շուտով կունենանք 12 տարեկան առաջին շրջանավարտները, որոնք կկարողանան վաստակել իրենց առաջին գումարը, առանց մարզը լքելու: Պատկերացնո՞ւմ եք»,- ասում է Սերինեն։ Նրա համոզմամբ, թեեւ աշխատելիս դժվարություններ լինում են, սակայն երեխաների հետ դժվարությունները հաղթահարելի են. «Այժմ ունենք որոշակի ֆինանսական ներդրումների կարիք, որպեսզի կարողանանք բացել նաեւ ինժեներական լաբորատորիա ռոբոտաշինության եւ արհեստական ինտելեկտ սովորելու հնարավորություն ստեղծելու համար»:

Այն հարցին, թե ո՞րն է IT Artashat-ի առաքելությունը, Սերինեն պատասխանեց. «Մեր առաքելությունն է հնարավորինս շատ մարդկանց տալ ապագայի մասնագիտություն ստանալու հնարավորություններ, թեկուզ մասնակիորեն, այնուամենայնիվ, կանխել հետպատերազմական տնտեսական ճգնաժամը, ստեղծել նոր աշխատատեղեր` կանխելով ՀՀ-ից արտագաղթը»:

Հավելենք, որ կենտրոնում անվճար սովորում են երկկողմանի ծնողազուրկ, 44-օրյա պատերազմից տուժած, սոցիալապես անապահով այն երեխաները, որոնք ունեն բարձր առաջադիմություն եւ մեծ պոտենցիալ: Առայժմ այդպիսի ուսանողները 5-ն են, բայց նրանց թիվը կարող է աճել, եթե գտնվեն հովանավորներ:

Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930