Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցն ըստ արժանվույն մեծարվեց

Ապրիլ 07,2022 12:00

Բանաստեղծի հոբելյանական երեկոյին հանդիսատեսը հոտնկայս արտասանել է նրա «Ես իմ անուշ Հայաստանին»:

Հանրապետությունում սկսվել եւ շարունակվում են գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ բացարձակ հանճար Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամակին նվիրված միջոցառումները։ Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոբելյանին նվիրված գրական-երաժշտական երեկո էր։ Կոմպոզիցիայի հեղինակն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը, մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան)՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, Քրիստինա Ոսկանյանի ղեկավարած Երեւանի կամերային երգչախումբը։ Չարենցյան ընթերցումներով, հայ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունների ուղեկցությամբ հանդես եկան ճանաչված դերասաններ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, վաստակավոր արտիստներ Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը եւ Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը եւ երգիչ Տիգրան Մելքոնյանը։ Դահլիճը լեփ-լեցուն էր։


Ճանաչված ռեժիսոր, 2 ռոք օպերաների հեղինակ, մասսայական միջոցառումների բեմադրող Արամ Սուքիասյանին եւ նվագախմբեր ղեկավարելուց մինչեւ օպերային արվեստի ժանրում գործունեություն ծավալած դիրիժոր Ռուբեն Ասատրյանին, չենք կարծում, թե հատուկ ներկայացնելու կարիք կա, բայց ծայրաստիճան ճաշակով էր հրամցվում չարենցյան խոսքը դասական երաժշտության ուղեկցությամբ՝ Ալան Հովհաննես- Գրիգոր Լուսավորիչ, Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդգար Հովհաննիսյան, Ստեփան Շաքարյան, Էդվարդ Միրզոյան, Գագիկ Հովունց, Երվանդ Երկանյան, Միքայել Թարիվերդիեւ։ Ինչու նշեցինք կոմպոզիտորների անունները. որովհետեւ նրանց ստեղծագործությունները այնպես համահունչ էին Չարենցի տողերին, կարծես հեղինակները դրանք գրել էին հենց այդ տողերի համար։ Չմոռանանք նշել ողջ երեկոյի ընթացքում էկրանին ցուցադրվող Արմեն Գալոյանի հեղինակած տեսանյութերն ու անիմացիան, որոնք արված էին հատուկ այս երեկոյի համար ու էլ ավելի դիտարժան էին դարձնում կենդանի մատուցվող նյութը։ Բանաստեղծի հոբելյանական երեկոյին հանդիսատեսը հոտնկայս արտասանել է նրա «Ես իմ անուշ Հայաստանին»:


Հանդիսատեսի շարքում էին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, արվեստի այլ գործիչներ եւս, ինչպես նաեւ քաղաքական դեմքեր, պաշտոնյաներ։ Փաստենք, որ երեկոյի ավարտին հանդիսատեսը արտահայտվում էր, թե Չարենցի հոբելյանական տարում կարելի է այս ծրագիրը կրկնել, արդարացիորեն շեշտելով, որ գրական-երաժշտական երեկոները գոնե երեւանյան դահլիճներում հաճախ չեն հանդիպում։ Իսկ այդ դաշտում, մեր դիտարկմամբ, ավելի քան 20 տարի գործում է միայն «Զարթոնք» ընկերությունը (ղեկավար՝ Անդրանիկ Մանուկյան)։


Մենք արդեն որերորդ անգամ համոզվեցինք, որ ունենք պատրաստված հանդիսատես, ինչը մշտապես շեշտում են հյուրախաղորդ արտիստները, հատկապես երաժիշտները։ Հանդիսատեսի խոսք ու զրույցից կարող ենք հետեւություն անել, որ բանաստեղծի անտիպ գործերի հետ կապված նոր բացահայտումները, տասնամյակներ անց նույնիսկ, չեն դադարում հուզել ու հետաքրքրել ոչ միայն գրականագիտական շրջանակներին։ Կարծիքներ լսեցինք, օրինակ, թե ինչու մինչ օրս չեն տպագրվում պոետի էրոտիկ բանաստեղծությունները։ Հիշեցնենք ժամանակին մեր հարցը՝ ուղղված Դավիթ Գասպարյանին, թե ինչո՞ւ չեն տպագրվում, հանրայնացվում կոնկրետ այդ բանաստեղծությունները, չարենցագետը պատասխանել էր. «Այո, էրոտիկ բնույթի են, բայց այնքան ազնիվ ու մաքուր գործեր են»։ Հետո էլ փոքր-ինչ բացելով փակագծերը, ավելացրել էր, թե Չարենցի արխիվում կա մի գրություն, որով պոետը պատգամել է. ինչ էլ լինի՝ իր այդ բանաստեղծությունները չոչնչացնել։ Անդրադառնալով Չարենցի անտիպ ժառանգությանը, գրականագետն ասել էր, թե այն ընդգրկում է պոետի կյանքի վերջին շրջանը եւ ինքը նկատել է, որ այդտեղ եղել են նաեւ կեղծումների դեպքեր։


Կայացած երեկոն վերստին հաստատեց, որ ունենք համաշխարհային մեծության աստղեր, որոնց աշխարհը մեծ հաշվով չի ճանաչում՝ բացառությամբ Արամ Խաչատրյանի, քանի որ փոքր երկրի, փոքր ազգի ներկայացուցիչ ենք։ Չարենցը նրանցից մեկն է:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930